Վերջին ժամանակներում պարբերաբար ադրբեջանական կողմի կրակի տակ գտնվող Երասխի մետալուրգիական գործարանը Կառավարության որոշմամբ կտեղափոխվի եւ կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում: Ըստ դեկտեմբերի 14-ի որոշման՝ գործարանի տեղակայման համար կատարել են ուսումնասիրություններ եւ ընտրել Արարատի մարզի Երասխ համայնքին մերձակա արտադրական նշանակության տարածքներից մեկը։
Նշվել է նաեւ, որ ներկայում տարածաշրջանում ամրանների մեծ պահանջարկ կա: Կառավարության հաշվարկներով՝ գործարանը կպահպանվի եւս 10-15 տարի, ինչը պայմանավորված է թե՛ Հայաստանում շինարարության մեծ ծավալներով, թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով մատակարարման ծավալների կտրուկ անկմամբ: Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչեւ 500 աշխատատեղ (առաջին փուլում՝ մոտ 240)։ Սկզբնական անհրաժեշտ ներդրումը մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար է: Գործարանը կունենա 200-250 միլիոն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։
Նախատեսվում է առաջին փուլում կառուցել սեւ մետաղի ջարդոնի վերամշակման գործարան՝ տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ: Երկրորդ փուլում արտադրական ծավալները կկրկնապատկվեն, եւ կկառուցվի նաեւ մետաղական կոնստրուկցիաների եւ արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ եւ այլն):