«Երեւանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար, հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ: Եթե զորքերը դուրս բերվեն այն դեպքում, երբ սահմանին համաձայնություն չկա, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ չի լինի»,- դրա մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բաքուն այժմ պատասխան է պատրաստում նոյեմբերի վերջին ստացված խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի մեկնաբանություններին։ Բայրամովը ասել է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումը շուտով կփոխանցվի հայկական կողմին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ջեյհուն Բայրամովը հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններում Անկարայի մասնակցությունը օգտակար կլիներ Երեւանի համար։ «Ադրբեջանը սատարել է երկկողմ հիմքի վրա բանակցությունների անցկացմանը, ներառյալ՝ երրորդ՝ անկողմնակալ կողմի մասնակցությամբ։ Թուրքիան նույնպես Հայաստանի հարեւանն է։ Որպես տարածաշրջանի երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման հաստատմանը»,-ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբերի 13-ին Երեւանը եւ Բաքուն քննարկել են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն: Նրա համոզմամբ՝ առաջարկի ընդունվելու դեպքում այդ քայլը դրական ազդեցություն կունենա եւ կօգնի կանխելու լարվածության նոր հնարավոր սրացումները։