Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ քննարկված թեմաների շարքում են եղել նաեւ Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։ Նա նշել է, որ եկել է խաղաղության եւ զարգացման ժամանակը Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ Անկարան միշտ աջակցել է երկու երկրների միջեւ խաղաղ բանակցություններին։
«Մենք ավելի քան երբեւէ մոտ ենք տարածաշրջանում խաղաղությանը։ Եթե Ադրբեջանը եւ Հայաստանը կարգավորեն իրենց հարաբերությունները, Թուրքիան կկարգավորի իր հարաբերությունները Երեւանի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Հաքան Ֆիդանը գանգատվել է Արեւմուտքում հայկական լոբբիից: Ըստ նրա՝ հայկական լոբբին փորձում է որոշակի ցանցեր լարել Ադրբեջանի դեմ։
«Ավելի լավ կլինի, եթե այդ երկրները աշխատեն ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը: