Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ հետախուզությանը հայտնի է դարձել, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման ժամանակ սպանվել կամ վիրավորվել է ավելի քան 300 հազար ռուս զինվոր։
«Ամերիկայի ձայնը» հայտնել է, որ ըստ ամերիկյան հետախուզության գաղտնազերծված զեկույցի՝ 2022-ի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանը կորցրել է լայնամասշտաբ ներխուժման սկզբում ներգրավված 360-հազարանոց անձնակազմի 87%-ը։
Զեկույցում նշված են ոչ միայն մարդկային կորուստների, այլեւ ռուսական տեխնիկայի վնասների վերաբերյալ ստույգ տվյալներ։ Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանի զինված ուժերը մարտերում կորցրել են 2200 տանկ կամ տանկերի երկու երրորդը, ինչպես նաեւ հետեւակի մարտական մեքենաների եւ զրահափոխադրիչների մեկ երրորդը։
Դեկտեմբերի 14-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ այսպես կոչված Հատուկ ռազմական գործողության գոտում մոբիլիզացված է 244 հազար մարդ, մասնակի մոբիլիզացիայի ընթացքում, ըստ ՌԴ նախագահի, զորակոչվել է 300 հազար մարդ։