ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում ընդունվելու է ըստ անհրաժեշտության, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից։ Դրա մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չեն ընդունում։
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ իշխանությունների արձանագրումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի դե-ֆակտո գործողությունները կամ անգործությունները չեն հասցեագրում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները։ «Այսինքն՝ այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին։ Եվ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ ձեւով»,- հավելել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը ցանկանում է մինչեւ վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու եւ իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար։