Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 4150 քաղաքացի՝ 1050 ընտանիք։
Մինչ օրս նրանց կացության հարցերը լուծում են Կառավարության հատկացրած ամսական 50 հազարական դրամ աջակցության միջոցով: Վեցամսյա կարճաժամկետ ծրագիրը, սակայն, մոտենում է ավարտին: Ի՞նչ են անելու արցախահայերը, հասցրե՞լ են աշխատանք գտնել, թե՞ աջակցության տրամադրման ավարտի հետ կհայտնվեն դրսում:
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ համայնքի տրամադրած՝ կացության համար հարմարեցված կացարաններում 32 անձ է բնակվում, մյուսները տեղավորվել են վարձով բնակարաններում:
Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյանը 50 հազար դրամի աջակցության ծրագրի ավարտի հետ նոր խնդիրների պայթյուն է կանխատեսում, ասում է՝ հոռետեսություն չէ, իրերն իրենց անուններով է կոչում: Ի՞նչ է անելու միայնակ ծերը կամ բազմազավակ ընտանիքը, եթե քաղաքում բնակարանների վարձավճարը 100 հազարից է սկսվում:
Որ քաղաքում բնակվարձերն ուռճացված են, բոլորն են տեղյակ, իսկ դրա լուծումը ոչ մի տեղ, ոչ մի կերպ չի տրվում: Եդիգարյանը խնդրի մասնակի լուծումը տեսնում է արցախահայերին աշխատանքով ապահովելու մեջ: Փաստում է, որ Գյումրիում անցկացված աշխատանքի տոնավաճառը հարցին մի փոքր լուծում տվեց, բայց աշխատողների թիվը չնչին է աշխատանք փնտրողների մեջ:
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի փորձագետ Մկրտիչ Շահվալադյանը տեղեկացնում է, որ իրենց մոտ 77 աշխատանք փնտրող արցախցի է գրանցված, որոնցից 8-ին է հաջողվել գործ գտնել:
Վարորդի, առաքիչի, հացթուխի, խոհարարի, վաճառողի եւ բազմաթիվ այլ թափուր հաստիքներ են առաջարկվում դիմողներին, բայց բավական է՝ նրանք իմանան աշխատավարձի չափը, անմիջապես հրաժարվում են առաջարկվող գործից:
Նարինե Բեգլարյանը Ասկերանից է բռնի տեղահանվել, այժմ աշխատանք է գտել Գյումրու համայնքապետարանում. սոցիալական աշխատող է, զբաղվում է իր բախտակիցների հարցերով:
Արցախում սոցապ նախարարությունում է աշխատել, կրկին տեղահանվածների հիմնահարցերով զբաղվել: Կորցրած հայրենիքում, սակայն, Նարինեն նույն աշխատանքի դիմաց անհամեմատ բարձր է վարձատրվել: Փաստում է, որ Արցախում աշխատավարձերը բարձր էին, Գյումրիում մարդը համաձայն է աշխատել չնչին վարձատրությամբ: Շփվելով բազմաթիվ տեղահանվածների հետ՝ մտահոգություն է հայտնում, 50-60 հազար դրամով աշխատողն ինչպե՞ս է բնակարանի համար 150-200 հազար դրամ վարձ տալու: Տնից երկու-երեք հոգու աշխատավարձը բավարար չի լինի միայն տանիք ունենալուն, ո՞ւր մնաց արժանապատիվ ապրելուն:
Որ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզի «տիտղոսը» ոչ մի կերպ չհանձնող Շիրակի մարզում աշխատուժն, իրոք, ջրի գնով է վարձատրվում, մեկ անգամ չէ, որ «Ալիք Մեդիան» բարձրաձայնել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՊահանջվում է աշխատո՞ղ, թե՞ ստրուկ |
Այսօր Գյումրիում գործատուն, անարգել աչք փակելով օրենքի պահանջի վրա, զանցելով 8-ժամյա աշխատանքի եւ նվազագույն աշխատավարձի չափի մասին օրենքները, աշխատողին վճարում է նույնիսկ 50-60 հազար դրամ:
Եթե եկամտի եւ նվազագույն ծախսերի անջրպետն օր օրի մեծանում է, աղքատության հաղթահարման մասին ի՞նչ «հեքիաթի» հավատա շարքային գյումրեցին, հիմա էլ՝ Գյումրի եկած արցախցին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։