Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ հանդիպման վայր եւ ամսաթիվ այս պահին չկա։ Սրա մասին դեկտեմբերի 15-ին Երեւանում ընթացող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա քիչ հավանական է համարել, որ մինչեւ տարեվերջ կարող է հանդիպում լինել:
«Աշխատակարգն արդեն հաստատված է, եւ համապատասխան հետագա հանդիպումների մասով պայմանավորվածություններ շուտով ձեռք կբերվեն»,- նշել է Մհեր Գրիգորյանը։ Ըստ ՀՀ փոխվարչապետի` սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները բավական երկար են տեւելու, քանի որ գործընթացը բարդ է։
Գրիգորյանը հավելել է, որ աշխատելու են բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով եւ իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերով։ Հանդիպումների ընթացքում հնարավոր է` խոսեն անգլերենով եւ ռուսերենով։
«Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն իր կողմից ներկայացնելու է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որեւէ նկարագրություն ունեն»,– նշել է ՀՀ փոխվարչապետը։