Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 հազար դրամ միանվագ նպաստ, 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում` 1 միլիոն դրամ միանվագ նպաստ: Դրա մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Նա հավելել է, որ արդեն 5-րդ եւ հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1,5 միլիոն դրամ միանվագ նպաստ:
Ինչ վերաբերում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում եւ վճարվում է հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Ըստ փոխնախարարի՝ այդ դեպքում նույնպես գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 հազար 500 դրամ ամենամսյա չափով նպաստը, որը տրվում է մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը:
2022-ի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված 3-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում մինչեւ երեխայի 6 տարին լրանալը 50 հազար դրամ աջակցությունից օգտվելու համար, ըստ փոխնախարարի, անհրաժեշտ է, որ ԼՂ-ից տեղահանված երեխան եւ դիմող ծնողը ՀՀ քաղաքացիություն ստացած լինեն: