ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներ օրինագիծ են ներկայացրել, որով ցանկանում են դադարեցնել ԱՄՆ-ում միլիոնատերերին գործազրկության նպաստ վճարելը: Դրա մասին հայտնել է Fox News-ը։ Օրենսդիրների երկկուսակցական խումբն առաջարկում է արգելել տարեկան 1 միլիոն դոլար կամ ավելի եկամուտ ունեցող մարդկանց ստանալ դաշնային նպաստներ, նույնիսկ եթե նրանք կորցնեն աշխատանքը:
Օրինագծի հեղինակներից մեկը՝ Յուտա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Քերթիսը, պարզաբանել է որոշ մանրամասներ: Նա նշել է, որ ելնելով գործազրկության նպաստի տրամադրման կանոնների առանձնահատկություններից՝ ուշադրություն է դարձվում միայն միլիոնատիրոջ ակտիվ եկամուտներին՝ առանց հաշվի առնելու պասիվները:
ԱՄՆ-ի հարկային գրասենյակի (IRS) տվյալները ցույց են տալիս, որ հազարավոր մարդիկ կիրառում են դա՝ նպաստ ստանալու համար: «Ամոթ է, որ այս օրինագիծը առհասարակ անհրաժեշտ է: Միլիոնատերերը չպետք է գործազրկության նպաստ ստանան հարկատուների հաշվին»,- շեշտել է հանրապետականը։
Փաստաթղթի մեկ այլ հեղինակի՝ Այովա նահանգի սենատոր Ջոնի Էռնստի գրասենյակից հայտնել են, որ անցյալ տարի միլիոնատերերը այս հնարքի միջոցով ստացել են ավելի քան 200 միլիոն դոլար գործազրկության վճարներ։
«Ես եկել եմ Վաշինգտոն՝ պայքարելու աշխատող ընտանիքների իրավունքների, ոչ թե սեփական գրպանները լցնելու հույսով օրենսդրական սողանցքներ փնտրող ճարպակալած կատուների համար»,- հավելել է Մոնտանայի դեմոկրատ սենատոր Ջոն Թեսթերը: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ օրինագծի շնորհիվ անիմաստ ծախսերը կկրճատվեն, եւ գումարը կվերադառնա Մոնտանա նահանգի աշխատասեր բնակիչների գրպանը: