ՌԴ Պետական դումայի մի խումբ պատգամավորներ՝ Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, Ռուսաստանի կառավարության հաստատմանն են ուղարկել օրինագծի նախագիծ, ըստ որի՝ եղանակային վատ պայմանները կհամարվեն աշխատանքից ուշանալու հիմնավոր պատճառ։
Նախաձեռնության հեղինակները, մասնավորապես, անհրաժեշտ են համարում աշխատանքային օրենսգիրքը լրացնել այն դրույթով, որի հիման վրա աշխատողի նկատմամբ կարգապահական տույժեր չեն կիրառվի եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակին չներկայանալու դեպքում: Փաստաթղթում նշվում է, որ եղանակային վատ պայմանները, ընդհանուր առմամբ, ուշանալու հիմնավոր պատճառ են, սակայն «սա ամրագրված չէ օրենքով եւ հակասություններ է առաջացնում, նույնիսկ դատական գործընթացների պատճառ»:
Օրինագծի հեղինակներից Իվան Սուխարեւը հայտնել է, որ այժմ միանգամից մի քանի շրջաններում աննորմալ սառնամանիքներ են։ «Սիբիրում արդեն երկրորդ շաբաթը ջերմաչափը -30-ից ցածր է, եղանակային վատ պայմաններ Հեռավոր Արեւելքում եւ Ուրալում, վերջին մի քանի տարիների ընթացքում ռեկորդային ձյուն է տեղացել Մոսկվայի վրա: Մարդիկ դժվարությամբ են շարժվում քաղաքում»,- նշել է պատգամավորը:
Սուխարեւի կարծիքով՝ նման պայմաններում ուշանալը կարող է աշխատողի մեղքով չլինել։ Ձյան առատ տեղումների եւ վտանգավոր մերկասառույցի պատճառով մարդը կարող է տնից աշխատավայր ամենօրյա ճանապարհը անհամեմատ դանդաղ հաղթահարել: «Մենք առաջարկում ենք աշխատանքից ուշանալը դիտարկել որպես հիմնավոր պատճառ, եթե դա եղել է վատ եղանակի պատճառով»,- ամփոփել է Սուխարեւը։