Անցնող ամեն օր սառը դառնությամբ մոտեցնում է պահը, երբ 64-ամյա հասակիս չգիտեմ՝ դեկտեմբերի 31-ի 24:00-ին ինչ եմ անելու:
Երեսունմեկ տարի առաջ դեկտեմբերին Երեւանում էի: Տիկնոջս հետ եկել էինք մորս, երեխաներիս տեսության: Դժվար ճանապարհ էր, ավտոբուսը տեղ էր հասել մթնով:
Առավոտյան մտա Գերագույն խորհուրդ, ասացին, որ պատգամավորներին ամանորյա նվերներ են տալիս: Սոցիալական հարցերի հանձնաժողովն էր կարգավորում: Համեստ ծանրոց էր՝ կոնֆետ, մի քանի բանկա մուրաբա-ջեմ, երեւի երկու-երեք կիլոգրամ մանդարին, մի քանի տուփ ծխախոտ:
Բաբկեն Արարքցյանի օգնականին խնդրեցի, որ ընդունելություն կազմակերպի: Կես ժամ անց ոտքի վրա ընդունեց: Սեղանին քարտեզ էր: Նկատեցի՝ ռազմաճակատի հյուսիսային ուղղության գիծն է: Ասաց, որ Կիչանի հատվածում հակառակորդը ճեղքման փորձ է ձեռնարկել, դիվերսիոն խմբեր են հայտնաբերվել Գանձասարի մոտակայքում, տեղեկությունների է սպասում:
Սուրճ մատուցեցին, ասաց՝ կարող ես ծխել, իսկ ինքը մի քանի րոպեով պիտի հանգստյան սենյակ մտնի: Հասկացա, որ իմ ներկայությամբ չի ուզում կապվել, հարցնել՝ ճակատում ինչ վիճակ է:
Րոպեներ անց իմ դիմաց բոլորովին ուրիշ Արարքցյան էր: Կոնյակ հյուրասիրեց: Ասաց, որ թշնամու գրոհը կասեցվել, ետ է մղվել, սեպտեմբերի 26-ի պաշտպանական գիծը վերահաստատվել է, վտանգը, որ Խաչենի կամուրջը կփակվի, հակառակորդը կտիրանա Ստեփանակերտին սպառնացող բարձունքներին, չեզոքացված է, դիվերսիոն երկու խումբ ոչնչացված է, մյուսները նահանջել են Վաղուհաս, այլ հատվածներում հարաբերական կայուն իրավիճակ է, հատկապես՝ Լաչինի միջանցքում:
Արարքցյանից ես ընդհանուր, քաղաքական բնույթի գնահատականներ էի ակնկալում՝ հաշվի առնելով նրա պաշտոնի առանձնահատկությունը: Եվ ինձ համար պարզեցի, որ Հայաստանի պետական կյանքում Բաբկեն Արարքցյանն ավելի մեծ դերակատար է, քան մենք գիտենք, կամ ինքն է համեստորեն ներկայանում:
Երբ պիտի հրաժեշտ տայի, մի քանի հեռախոսազանգ նա արդեն անպատասխան էր թողել, անսպասելի հարցրեց՝ կուզենայի՞ Մերուժան Տեր-Գուլանյանի հետ Երասխ՝ Նախիջեւանի ԳԽ պատվիրակության հետ հանդիպման գնալ: Այդ օրվա մասին այլ առիթով պատմել եմ:
Այդ քայլով նա ներշնչում էր, որ պատերազմն անհուսալի չէ, մենք կարողանում ենք Ադրբեջանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցել: Գրեթե ամեն օր ռմբակոծվող Ստեփանակերտից եկածիս համար Երասխ-Սադարակ հատվածում Նախիջեւանի ԳԽ փոխնախագահի, Հեյդար Ալիեւի առաջին տեղակալի հետ հանդիպմանը Մերուժան Տեր-Գուլանյանի, այդ հատվածում պատասխանատու զինվորականների գրեթե պայմաններ թելադրող կեցվածքը, ինձ՝ որպես Լեռնային Ղարաբաղից պատվիրակության անդամ ներկայացնելու վճռականությունը ոչ թե հույս, այլ աներեր վստահություն էին ներշնչում:
ԴԻՏԵՔ ՆԱԵՎԱնշտապ, բայց հետեւողական դեպի անկախություն. Բաբկեն Արարքցյան |
Դեկտեմբերյան այդ երկու օրերի ծանր փորձությունը հաղթահարեցի Բաբկեն Արարքցյանի շնորհիվ: Ստեփանակերտ էինք վերադառնում, ավտոկայանում հանդիպեցի ծանոթ մարդու: Սպասասրահում կապոցների, կահույքի արկղերի մեջ շփոթված՝ նա զարմացավ, որ վերադառնում եմ: Իսկ Մերուժան Տեր-Գուլանյանը հոգու հրճվանքով էր ընդունել Սամվել Շահմուրադյանին փոխարինելու՝ ինձ արված առաջարկի մերժումս: Դա 1993-ի սպասման տարին էր, դեկտեմբերի վերջի փորձության օրեր էին: Հավատի օրեր: Անպաճույճ, զուսպ եւ միմյանց անբառ հասկանալու ժամանակներ:
Բաբկեն Արարքցյանի մոտ եւս մի քանի ընդունելության եմ եղել: Անջինջ է մնացել 1992 թվականի դեկտեմբերի 28-ի շուրջ կես ժամ տեւած անկեղծության պահը, իր ձեռքով մատուցած կոնյակը, սուրճից լեզվի վրա մնացած հատիկի դառը քաղցրությունը: Նրա խրախուսական ժպիտը, երբ մինչեւ ընդունարանի ելք ուղեկցում էր Ստեփանակերտից Չարենցավանում ապրող երեխաներին տեսության եկածիս:
1993-ի մարտին մայրս երեխաների հետ հասավ Ստեփանակերտ եւ հաջորդ օրը շտապեց գյուղ: Գյուղի մեր տան բանալիներն այսօր հարեւանի մոտ են: Բաբկեն Արարքցյանին հրաժեշտ տալու քաջություն չունեցա: Ի՞նչ էի ասելու:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։