ԵՄ անդամները դիտարկում են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ Ուկրաինային միջոցներ հատկացնելու մասին համաձայնագիր կնքելու համար: Դրա մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Ըստ նրանց՝ ԵՄ-ն կարող է կիրառել Եվրամիության մասին 2007 թվականի պայմանագրի 7-րդ հոդվածը, որը հնարավորություն է ընձեռում՝ եվրոպական իրավունքի խախտման առնչությամբ խախտող երկրին զրկելու ձայնի իրավունքից։
«Հնարավոր է, որ Հունգարիան ավելի շատ խնդիրներ ստեղծի: Գուցե Հունգարիան մեզ կստիպի օգտագործել այլ միջոցներ: Բայց, ի վերջո, Հունգարիան չի կարողանա մեզ խանգարել Ուկրաինային միջոցներ տրամադրելու»,- եզրափակել է պարբերականի զրուցակից ԵՄ պաշտոնյան:
Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնեւիչիենեն իր հերթին ուղիղ ամբիոնից հայտարարել է, որ Վիկտոր Օրբանն ակնհայտորեն աշխատում է Վլադիմիր Պուտինի օգտին եւ չի արտահայտում հունգար ժողովրդի կամքը։ Նրա համոզմամբ՝ Օրբանը «ուղղակի ներսից քանդում է Եվրամիությունը»։