Էրդողանի աշխատակազմում հայտարարել են, որ տեղեկություն չունեն կիրակի գիշերը ՀԱՄԱՍ-ի ղեկավարության «գաղտնի հանդիպման» մասին, որը տեղի է ունեցել Անկարայում։
Դեկտեմբերի 18-ին դրա մասին ավելի վաղ հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ Թուրքիայում հանդիպմանը ներկա են եղել, մասնավորապես, Բեյրութի իր նստավայրից ժամանած ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին, Կատարի մայրաքաղաք Դոհայում բնակվող՝ կազմակերպության նախկին ղեկավար Խալեդ Մաշալը, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի այլ բարձրաստիճան անդամներ:
Հանդիպման նպատակը, ըստ Իսրայելի ազգային հեռարձակող KAN հեռուստաալիքի, ենթադրաբար Գազայի հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումն էր։ Իսրայելական լրատվամիջոցները նշել էին, որ Թուրքիան միտումնավոր է ընտրվել որպես հանդիպման վայր, քանի որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպման համար համարվում է առավել անվտանգ վայր։