«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը նոր գիրք է առաջարկում՝ «Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը»։
Այն ամփոփումն է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտության, որը «Սոցիոսկոպն» իրականացրել է 2022 թվականին։
Գրքում քննության է առնվում հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական ոլորտներից մինչեւ տարածաշրջան, տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններ, խաղաղություն եւ ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի եւ Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները եւ փորձագիտական մոտեցումները։
Ալիք Մեդիան ներկայացնում է մի հատված եւ առաջարկում գրքին ծանոթանալ այստեղ։
Ժողովրդավար Հայաստանի պատկերը ավտորիտար Ադրբեջանին հակադրելիս իշխանությունները շեշտադրում են ժողովրդավարության՝ անվտանգության եւ խաղաղության երաշխիք լինելու հանգամանքը։
Տարածաշրջանում ժողովրդավարության «հանգրվանի» այս փաթեթավորումը հիմնականում ուղղված է արտաքին դերակատարներին՝ հակադրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին։ Ժողովրդավարությունն այս համատեքստում հանդես է գալիս իբրեւ միջազգային գործիչների աջակցության, հետեւաբար նաեւ անվտանգության երաշխիք։ Ժողովրդավարությունն, այսպիսով, ձեւակերպվում է իբրեւ պետականությունը փրկող կապիտալ։
Ավելին՝ ժողովրդավարությունը կարեւորվում է նաեւ խաղաղության օրակարգի տեսանկյունից՝ որպես ժողովրդի ձայնն այդ օրակարգում սահմանադրող։
Ժողովրդավար Հայաստանի եւ ավտորիտար տարածաշրջանի հակադրությունը տարածված մոտեցում է նաեւ փորձագետների շրջանում։
Որպես խաղաղ համակեցության անհնարինության փաստարկ՝ հաճախ օգտագործվում է Հայաստանի չորս հարեւաններից երեքի ավտորիտար բնույթը։ Հարեւան Ադրբեջանը եւ Թուրքիան, ըստ փորձագետների, լինելով ավտորիտար եւ ռեժիմային պետություններ, խաղաղ համակեցություն չունեն իրենց պետությունների ներսում, իսկ այլ պետությունների հետ հարաբերություններում վարում են ծավալապաշտական քաղաքականություններ։ Ավելին՝ իրենց ռեժիմի պահպանության եւ վերարտադրության համար, ինչպես կարծում են փորձագետները, այս երկրները քսենոֆոբ քաղաքականությունների գործադրող են.
Ադրբեջանն այս տարիների ընթացքում դաստիարակել է հայատյացություն, այդ իշխանության գաղափարական հիմքը դա է, նա չի կարող հետքայլ անել դրանից, եւ իր փոքր հաղթանակները Հայաստանի նկատմամբ ռեժիմը պահելու գրավականն են։
Մյուս կողմից՝ փորձագետների շրջանում կա գիտակցում, որ գերտերությունները, որոնց քաղաքական եւ տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում շարունակական լարվածության պահպանությունը եւ խաղաղության հաստատման ձգձգումը, հայերի շրջանում սնում են հակաթուրքականություն եւ դրան փոխառնչված գոյացական վախեր, որոնց հետնախորքում իրենք ներկայանում են իբրեւ երկկողմ հարաբերությունների «փրկիչ» կամ «միջնորդ»՝ պահելով իրենց գերիշխանությունը եւ շարունակաբար նվազեցնելով Հայաստանի անկախությունն ու քաղաքական գործորդությունը։
Օգտագործելով ընտրություններով ժողովրդից ստացած մանդատն իբրեւ երկրի ներսում օրենքի (ցավալիորեն՝ ոչ իրավունքի) գերակայության, իսկ երկրից դուրս՝ խաղաղության դարաշրջանի հաստատման լեգիտիմություն, իշխանությունները մնում են ժողովրդավարության ֆորմալ (ընտրական) եւ պոպուլիստական ընկալման շրջանակում, որում ժողովրդի հետ ինքնանույնացումը հարմար միջոց է դառնում ՝ պատնեշվելու քննադատություններից եւ «կիսելու» մեղադրանքների կամ պատասխանատվությունների բաժինը ժողովրդի հետ։
Շահարկելով հենման կետը՝ ժողովրդի կամքը, որի մեջբերման համար հաճախ օգտագործվում է «հասարակական կարծիքի ուսումնասիրության», ինչպես Պ. Բուրդիոն էր ասում, քաղաքական կատեգորիան (Բուրդիո, 2019), իշխանությունները միաժամանակ ունակ չեն հաղթահարելու ընդդիմության հոդավորած «դավաճան եւ հողատու» դիսկուրսը՝ վերարտադրելով դրա տրամաբանությունը.
Ինչպես վարչապետը երեկվա իր ելույթում արձանագրեց, ժողովուրդը վերջին համապետական ընտրություններով շատ հստակ արձանագրեց, թե ով է հողատուն, եւ ով է դավաճանը։
Սրան զուգահեռ պատերազմներ վերապրած պետություններին բնորոշ աճող ռազմականացման եւ անվտանգայնացման քաղաքականությունների հետնախորքում հանրային քաղաքական դաշտում հյուսվում է «ժողովրդավարություն, թե անվտանգություն» երկընտրանքը։
Այդ երկընտրանքը ձեւակերպող ընդդիմադիր ուժերը, դրանց ծառայող լրատվամիջոցները եւ փորձագիտական շրջանակներն ունեն ուժ եւ իշխանություն անվտանգայնության տրամաբանության եւ քաղաքականության ներքո հարցադրելու ժողովրդավարության անհրաժեշտությունը՝ սահմանելով «ազգային անվտանգության» կամ ուժեղ պետության գերակայությունը ժողովրդավարական կամ թույլ պետության համեմատ։
Ղարաբաղյան կոնֆլիկտը տարիներ շարունակ իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը ծառայեցրած հայաստանյան եւ ղարաբաղյան այս ուժերը պնդում են, թե ժողովրդավարության հետեւանքով անվտանգային հարցերը եւ մարտահրավերները հետին պլան են մղվում։ Սակայն քննադատական հայացքն անհրաժեշտ է՝ նկատելու, որ անվտանգությունը հակասական բնույթ ունի, եւ այն անհրաժեշտաբար դրական կամ ունիվերսալ չէ։
Կարեւոր են համատեքստը, ինչպես նաեւ անվտանգության քաղաքականություններ մշակող եւ այն գործադրող իշխանության (լայն իմաստով) սուբյեկտները եւ նրանց շահերը, քանի որ անվտանգության քաղաքականության բանեցումը նշանակում է, որ մինչ որոշ շերտեր կամ խմբեր դառնում են արտոնյալ կամ պաշտպանված, այն արտադրում է անհամաչափ ուժային հարաբերություններ արտոնյալ դարձած եւ ստորադասված հասարակական խմբերի միջեւ։
Միաժամանակ քննադատական հայացքն անհրաժեշտ է՝ արձանագրելու, որ անվտանգային քաղաքականությունները գործադրողը պետությունը եւ դրա համապատասխան ուժի ինստիտուտներն են, որոնք հիմնվում են ուժի բազմապատկման տրամաբանության վրա՝ ի հաշիվ սոցիալական ոլորտների եւ ճնշված խմբերի է՛լ ավելի լուսանցքայնացման։
Հետեւաբար որքան էլ բարդ, սակայն հետպատերազմյան Հայաստանում խիստ անհրաժեշտ է անվտանգայնացման եւ ռազմականացման ջատագովության եւ դրանց արդեն իսկ նկատելի քաղաքականությունների հարցադրումը. անվտանգություն ինչի հաշվին եւ ում կողմից, ինչ եղանակներով եւ քաղաքականություններով, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, գենդերային ինչ ազդեցություններով եւ մարտահրավերներով։
Միաժամանակ կարեւոր է, որ մտահոգության եւ քննադատության առարկա դառնան պայմանները, որոնք հնարավոր են դարձրել անվտանգայնացումը եւ դրա առանձնահատուկ լեզուն, որ թույլ է տվել ուժի սուբյեկտին ձեւակերպել վտանգն ու դրա դեմ պայքարելու միջոցների լեգիտմությունը։
Ժողովրդավարության քաղաքական ճգնաժամի մասին խոսում են բազմաթիվ հասարակագետներ աշխարհի տարբեր անկյուններում։ Լիբերալ ժողովրդավարության ճգնաժամի առումով այն արտահայտվում է աջ եւ ծայրահեղ աջ ուժերի ամրապնդմամբ, որոնք հարցականի տակ են դնում նեոլիբերալ իսթեբլիշմենթը՝ առաջար կելով կամ փոխարինելով այն ռեակցիոն նեոլիբերալիզմի քաղաքականություններով։
Միաժամանակ նշանակալի է սոցիալական ժողովրդավարության քայքայումը գլոբալացող, նեոլիբերալ կապիտալիզմի ներկա ձեւերի ամրապնդման հետնախորքում (Fraser, 2019)։ Այս քայքայումը առավել լայն եւ բազմաշերտ ազդեցություններ եւ հետեւանքներ ունի սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ այլ հարակից ոլորտների վրա։
Հետպատերազմյան Հայաստանի հանրային քաղաքական դաշտ նետված «ժողովրդավարություն, թե անվտանգություն» երկընտրանքը, որ ձեւակերպվում է տեղական իշխանության համար պայքարի տրամաբանության ներքո, այդուհանդերձ, առնչված է գլոբալ գործընթացներին եւ ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը։