ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլգա Զանկոն դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է քրեական գործ հարուցել գրող, գրականագետ եւ թարգմանիչ Բորիս Ակունինի (Գրիգորի Չխարտիշվիլի) դեմ:
Պատգամավորը գրողին մեղադրում է ահաբեկչության հրապարակային արդարացման եւ ռուսական բանակի մասին ֆեյքերի տարածման համար: Դրանց հիման վրա Росфинмониторинг-ը գրողին ներառել է ահաբեկիչների եւ ծայրահեղականների ցանկում։ Ըստ ռուս պատգամավորի՝ «դա միայն առաջին քայլն է դեպի արդարություն»։
«Ի վերջո, այս ցանկում հայտնվելը հիմնականում ֆինանսական սահմանափակումներ է դնում։ Օրինակ՝ իր հարցազրույցներից մեկում Ակունինը խոստովանել է, որ հեղինակային իրավունքը փոխանցել է բրիտանական հիմնադրամին։ Ըստ այդմ՝ ամբողջ հասույթը ֆորմալ առումով ստանում է ոչ թե նա, այլ այս հիմնադրամը»,- ասել է ռուս պատգամավորը։ Զանկոն գրողին մեղադրել է, որ վերջինս «այսքանից հետո շարունակում է Ռուսաստանում փող աշխատել» եւ դեռ միջոցներ փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու եւ Ռուսաստանի ներսում բողոքի ցույցերի համար:
Ռուս խորհրդարանականն առաջարկել է Ակունինին ճանաչել նաեւ օտարերկրյա գործակալ: Ըստ նրա՝ «նման կերպ մարդիկ կիմանան, որ գիրք գնելով՝ անուղղակիորեն ֆինանսավորում են Ուկրաինայի զինված ուժերին»: Օլգա Զանկոն դա էլ քիչ է համարում եւ առաջարկում է Բորիս Ակունինին դատապարտել քրեական օրենսգրքի հոդվածներով։ «Եվ երրորդ՝ պետք է մտածել այս ոլորտում օրենսդրությունը բարելավելու մասին»,- հավելել է «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գրող Բորիս Ակունինի ստեղծագործություններն արագորեն անհետանում են գրախանութներից: RTVI-ն նշում է, որ բայց դեռ որոշ ստեղծագործություններ մնում են մի քանի շուկայում։ Ըստ աղբյուրի՝ «Лабиринт» կայքում այժմ դեռ կարելի է պատվիրել միայն Յուկիո Միշիմայի գրքերը, որոնք թարգմանել է Ակունինը, Wildberries-ում՝ երկու գրքերից բաղկացած միայն մեկ հավաքածու՝ «Պարզապես Մասա» եւ «Յամա»: Իսկ գրողի գրքերի ամենամեծ ընտրանին դեռեւս հասանելի է Ozon-ում: Ինչպես հայտնում է RTVI-ի հատուկ թղթակից Եկատերինա Զաբրոդինան, Ակունինի ստեղծագործություններն անհետացել են նաեւ «Մոսկվա» գրախանութից։