Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «Ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի եւ Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։ Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Նվագախումբը կնվագակցի եզրափակիչ փուլ անցած ջութակահարներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում հանդես կգա նաեւ մրցույթի գալա համերգի ընթացքում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, Չինաստանում հանդես կգա նաեւ երեք համերգով՝ դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին եւ 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։