Ռուսաստանի զինուժը աշխարհի ամենամարտունակ բանակն է ներկայում։ Դրա մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Միաժամանակ նա խոսել է ռուսական զորքերի շարքերում կռվել ցանկացող օտարերկրյա կամավորների թվի յոթնապատկման մասին։ Ուկրաինայի զինված ուժերում, ըստ նրա, միտումը հակառակն է:
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» ընթացքում ավելի քան 650 հազար զինվորական ձեռք է բերել մարտական փորձ։ Ըստ Սերգեյ Շոյգուի՝ այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» 2022-ի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայի զինուժը կորցրել է առնվազն 383 հազար զինվորականի, ինչպես նաեւ 14 հազար տանկ, հետեւակի մարտական մեքենա եւ զրահափոխադրիչ, 553 ինքնաթիռ, 259 ուղղաթիռ, 8,5 հազար հրետանի եւ համազարկային կրակի համակարգ։
Ըստ նախարարի՝ 2023 թվականին բանակի եւ նավատորմի համալրման պլաններն ամբողջությամբ ավարտվել են, նրանց թիվը հասցվել է 1 միլիոն 150 հազարի: Դեկտեմբերին զինված ուժերի թիվը սկսեց աճել մինչեւ 1 միլիոն 320 հազար:
«Ընդհանուր առմամբ, 2023 թվականի համար սահմանված բոլոր առաջադրանքները զինուժը կատարել է, պաշտպանական կարողությունների պահպանման նշված մակարդակն ապահովված է»,- ասել է Շոյգուն։
Նախարարը նշել է, որ 2024 թվականին ռուս զինվորականները կշարունակեն այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությունն» այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն գլխավոր հրամանատարի սահմանած առաջադրանքներն ամբողջությամբ չեն կատարվել։