Իրավապահները հետաքննում են անցկացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում գործող հանցավոր խմբի բացահայտման ուղղությամբ: Պարզվել է, որ հանցախումբը կեղծ փաստաթղթերով արժեքավոր բնակարաններ է վաճառում եւ գումարը գնորդից հափշտակում։ Դրա մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Մասնավորապես պարզվել է, որ մեծ մասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջեւ»,– գրում է թերթը:
Իրավապահներն առայժմ չեն կարողանում բացահայտել հանցախմբին: Հայտնի է դարձել, սակայն, որ քրեական վարույթի շրջանակում օրերս հարցաքննվել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ, գեներալ Գենադի Տավարածյանի որդին: Ըստ թերթի՝ վերջինս ներգրավված է եղել վերոնշյալ գործարքների մեջ։