Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը Newsweek-ին տված հարցազրույցում հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով ցամաքային միջանցք բացել դեպի Նախիջեւան Հայաստանի տարածքով։ Նա Հայաստանի իշխանությունների, ընդդիմության եւ ՀՀ դաշնակիցների, մասնավորապես, պաշտոնական Փարիզի հնչեցրած տագնապները Ադրբեջանի մտադրությունների վերաբերյալ «կեղծ» է որակել:
«Ադրբեջանն այլեւս չունի ռազմական նպատակներ. մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք հասանք նրան, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիեւը։
Անդրադառնալով Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների թեմային՝ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ դեռ կան «քննարկելու հարցեր»՝ միաժամանակ նշելով, որ «մենք շատ ավելի մոտ ենք խաղաղությանը… այլեւս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»։