Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Երեւանի հետ բոլոր հարցերը լուծելու կառուցողական ճանապարհով:
Զախարովան նշել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ եւ կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ռուս դիվանագետը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։
«Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մենք մշտապես պատրաստ ենք լուծելու բոլոր ի հայտ եկած խնդիրները հանգիստ, պրոֆեսիոնալ եւ գործընկերային պայմաններում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Անդրադառնալով «Մագնիտսկու ակտին» սատարած երկրների ցանկին Հայաստանի եւ Ադրբեջանի միանալու շուրջ վերջին պատմությանը՝ Զախարովան աճպարարներ է անվանել եվրոպացի պաշտոնյաներին, որոնք, ըստ նրա, Երեւանին եւ Բաքվին փորձում են ներքաշել իրենց պատժամիջոցային ջանքերի մեջ:
Զախարովան համոզմունք է հայտնել, որ Բրյուսելի բոլոր ջանքերը՝ իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերին համապատասխանության տեսք տալու համար ներքաշել նաեւ երրորդ երկրներին, սոսկ դատարկ եւ ոչ կառուցողական միջոցներ են: Նա շեշտել է, որ դրանք ձեռնարկվում են միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ։
«Փորձելով ստիպել հարեւաններին հետեւել պատժամիջոցային հակառուսական կուրսին՝ ԵՄ-ն դիմում է հնարավոր ամեն ինչի՝ ներառյալ ուղղակի կեղծիքի։ Սա պատահականություն կամ տառասխալ չէ, ուղղակի կեղծիք է։ Սա պետք է դաս լինի բոլորի համար, թե ինչպես պետք է զգոն լինել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկվության հարցում»,- հավելել է նա։