«Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցվել է, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Դեկտեմբերի 20-ին նման որոշում է ընդունվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստում։ Եթերի կասեցումից բացի` ընկերության նկատմամբ վարչական երկու վարույթ է հարուցվել, «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» որոշ դրույթներ եթերում խախտելու համար ռադիոկայանը տուգանվել է 500 հազար դրամով։
Ըստ հանձնաժողովի արձանագրության՝ առաջին վարույթն առնչվում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդմանը․ նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական եւ նսեմացուցիչ ձեւակերպումներ է արել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որի բարոյական իրավունքը օտարերկրյա քաղաքացի քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Ընդ որում՝ Քեոսայանի հաղորդումը չի պատրաստել ռադիոկայանի հայկական խմբագրությունը, այն եղել է ռուսական հեռարձակման մաս։
Երկրորդ վարչական վարույթն առնչվում է «Աբովյան Time» հաղորդմանը: Վերոնշյալ հաղորդման ընթացքում հնչել են այնպիսի կարծիքներ եւ պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ Հայաստանի բնակչության շրջանում առերեւույթ խուճապ են առաջացնում։ Ըստ հանձնաժողովի արձանագրության՝ հաղորդման ընթացքում, ըստ հանձնաժողովի, հնչել են ոչ հավաստի, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:
Ավելի ուշ ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու որոշումը ՌԴ Պետդումայում գրաքննության ակտ են անվանել: Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ վերջին շրջանում պաշտոնական Երեւանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ:
«Կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է։ Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր են, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երեւանը կզղջա դրա համար»,- նշել է Չեպան։
Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովն էլ ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու մասին Հայասատանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշումը խոսքի ազատության սահմանափակում է որակել։