«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը հայտնել է, որ ՀԷՑ-ը 2024-ին էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի։
Նա նշել է, որ 2023-ին եղել են գործոններ, որոնք կարող էին ազդել սակագնի փոփոխության վրա, բայց ընկերությունը չի գնա այդ քայլին։ Թեեւ այս տարի ՋԷԿ-երն են ավելի շատ աշխատել, ատոմակայանը` քիչ, սակայն, ըստ նրա, դա հազիվ թե ազդի վերջնական սպառողի սակագնի փոփոխության վրա:
Պաշտոնյան հավելել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մոտ 3 միլիարդ դրամի վնաս է կրել էլեկտրական էներգիայի կառուցվածքի` պլանայինի ու փաստացի տարբերության հետեւանքով։
Արշակյանն ասել է, որ բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստը 2023-ին մոտավորապես եղել է 6.6 տոկոս։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նորմատիվային թույլատրելի մեծությունը 7 տոկոսն է։
«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Արշակյանը նշել է՝ ապագան արեւային էներգիայինն է, որն այսօր բավականին լուրջ` մոտ 10 տոկոսից ավելի էլեկտրաէներգիա է ապահովում մեր երկրում։