Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի: Դրա մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում: Իրանի նախագահի համոզմամբ՝ ընթացիկ հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ կողմերի միջամտության։
Ռայիսին նշել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների եւ ենթակառուցվածքների բացման ցանկացած տեսակի գործողության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ դա պետք է արվի՝ բոլոր երկրների ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելով: Ռայիսիի համոզմամբ՝ հաղորդակցության ուղիների բացումը արդյունավետ քայլ կլինի խաղաղության եւ հարեւանների շահերի ապահովման ամրապնդման համար:
«Կովկասի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը կայուն է: Հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը եւ փոխադարձ շահերի ապահովման համար հարաբերությունների ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»,- ընդգծել է Իրանի նախագահը: