ՀՀ ռազմական ոստիկանությունը 2023 թվականին Հայաստանի Հանրապետության զորամասերում կատարած ստուգումների ընթացքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս եւ արգելված այլ իրեր: Դրա հետեւանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կարգապահական տույժեր են կրել։
«Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար եւս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացրել է, որ զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման եւ ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:
Զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են սահմանված կարգով` ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո: