«Ահաբեկչության դեմ պատերազմի իմաստը ամբողջ Գազայի հատվածը հողին հավասարեցնելն ու խաղաղ բնակիչների վրա անխտիր հարձակվելը չէ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 21-ին France 5-ին տված հարցազրույցում։
Ֆրանսիացի առաջնորդի համոզմամբ՝ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման, համաչափ չեն։
«Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային, քանի որ դա մեզ հնարավորություն կտա խաղաղ ապրելու,-պատասխանելով ուկրաինական պատերազմի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ ասել է Մակրոնը: «Մենք Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չենք, բայց չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն Ուկրաինային հաղթի»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը չի բացառել Վլադիմիր Պուտինին 2024-ին Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի պատվին տոնակատարություններին հրավիրելու հավանականությունը։
Նախագահի հետ զրույցում լրագրողները թվարկել են հաջորդ տարի սպասվող խոշոր իրադարձությունների մասնակիցներին՝ նշելով, որ Ռուսաստանի ղեկավարը, հավանաբար, նրանց թվում չի լինի: «Եթե, իհրակե, նա խաղաղ բանակցություններ չվարի եւ չփոխի իրավիճակը Զելենսկու հետ»,- պատասխանել է Մակրոնը: