Երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն վեց ամիս ժամկետով կարգելվի։ Կառավարության վերոնշյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 18-ից եւ կգործի մինչեւ 2024-ի հուլիսի 18-ը։
Ըստ հիմնավորման՝ դա պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու եւ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող եւ ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, 2023-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ցեմենտի արտադրության աճին զուգընթաց աճել է նաեւ ցեմենտի ներմուծումը. 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ. տոննա ցեմենտ (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով եւ ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14 հազար դրամից 2000 դրամի։
2023-ին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի եւ ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաեւ ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։