Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտավախություն է հայտնել, որ երբ Ուկրաինան միանա ԵՄ-ին, Եվրամիության հատկացրած ամբողջ գումարը հետ կվերցնեն իր երկրից:
Նրա կարծիքով՝ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելը համայնքի անդամ երկրների համար լրացուցիչ 150-190 միլիարդ եվրո կարժենա։
Հունգարիայի վարչապետը կարծում է, որ եթե Ուկրաինան ընդունվի այդ կազմակերպությունում, Կիեւը կստանա այն նույն ծավալի օգնությունը, որը ներկայում ստանում են Կենտրոնական Եվրոպայի բոլոր երկրները՝ ներառյալ Հունգարիան:
«Չենք ցանկանում հեշտացնել հունգարացիներին պատկանող փողի փոխանցումը Ուկրաինա»,- ասել է Օրբանը TV2-ին տված հարցազրույցում։ «Կասկած չկա, որ եթե մենք ընդունեինք Ուկրաինային, ապա ամբողջ օգնությունը, որը տրամադրվել էր Կենտրոնական Եվրոպայի երկրներին՝ ներառյալ Հունգարիային, կփոխանցվեր Կիեւին»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը։