Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար 2024 թվականին զորակոչել Ուկրաինայից Գերմանիա եւ այլ երկրներ մեկնած 25-60 տարեկան տղամարդկանց:
Պաշտոնական Կիեւը նախեւառաջ կպահանջի, որ այդ քաղաքացիներն իրենց մասին տեղեկացնեն Ուկրաինայի զինված ուժերի զորակոչային կենտրոններին: Ումերովը սպառնացել է պատժել նրանց, ովքեր դա չեն անի։ «Դեռ քննարկում ենք, թե ինչ կլինի, եթե նրանք ինքնակամ չգան»,- ընդգծել է նախարարը:
Նա հավելել է, որ ինքը չի համակրում իրենց համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվող մարդկանց։ «Սեփական երկիրը պաշտպանելն ու սեփական երկրին ծառայելը պատիժ չէ։ Դա պատիվ է»,- հավելել է նա։
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը խոստացել է, որ ապագայում իշխանությունները նախապես կտեղեկացնեն զինապարտներին, թե որտեղ եւ երբ են նրանք ծառայելու:
Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզեւեթերը հայտարարել էր, որ բանակից խուսափած ուկրաինացիներից Գերմանիայում հնարավոր կլիներ 10 դիվիզիա ձեւավորել:
Որպես կանոն, աշխարհի տարբեր երկրների զորամիավորումների տիպային ստորաբաժանումներում անձնակազմի թվաքանակի տարբեր չափանիշներ են սահմանված: Տիպային ջոկում ծառայում է 8-12, դասակում՝ 15-30, վաշտում՝ 80-150, գումարտակում՝ 300-800, գնդում՝ 950-3000, բրիգադում՝ 3000-ից մինչեւ 5000, դիվիզիայում՝ 10 հազարից մինչեւ 30 հազար, կորպուսում՝ 30 հազարից մինչեւ 50 հազար, դաշտային բանակում 100 հազարից մինչեւ 300 հազար մարդ: