Արցախի նախկին պետնախարար, գործարար, սեպտեմբերի 27-ին՝ Հագարիի կամրջին ձերբակալված եւ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկեր, Moderna ընկերության համահիմնադիր ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել BBC-ին:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ BBC-ի հաղորդավար Նուալա ՄըքԳովերնը հարցազրույցի սկզբում հայտնել է, որ սեպտեմբերին «Ադրբեջանի ռազմական հարձակումը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում էթնիկ հայերի երեք տասնամյակ տեւած կառավարմանը։ 120 հազար հայերի ճնշող մեծամասնությունը գաղթեց Հայաստան»:
Հաղորդավարը նշել է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, գործարար առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ եւ մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ստորագրողների թվում է նաեւ Աֆեյանը։
Ամերիկահայ գործարարը, պատասխանելով հաղորդավարի հարցին, հայտարարել է, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրանքներն անհիմն են։ «Օրինակ՝ նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են ունեցել»,- ընդգծել է Աֆեյանը:
«Մասնավորապես, նրանք խոսում են նաեւ ահաբեկչության ֆինանսավորման մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս մեղադրանքին»,- հարցնում է ՄըքԳովերնը: «Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են»,- պատասխանել է Աֆեյանը:
BBC-ի հաղորդմանը Բաքվի տեսակետները ներկայացրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Վերջինս իր հերթին պնդում է, թե Ռուբեն Վարդանյանի եւ մյուս ձերբակալվածների նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել, եւ նրանք պետք է կանգնեն ադրբեջանական դատարանի առջեւ։ «Ես կարող եմ հարյուր տարբեր փաստեր բերել, եւ, ցավում եմ, որ որոշ մարդիկ, որոնք հայկական քարոզչության ազդեցության տակ են, իսկ այդ գործողությունների հետեւում կանգնած են որոշակի մարդիկ, ստորագրում են այս բաց նամակը՝ չիմանալով հենց տեղում առկա փաստերը»,- ասել է Ալիեւի օգնականը: