Հայաստանն իրանական նավահանգիստներից ավելի շահավետ պայմաններով կկարողանա օգտվել ՀՀ–ի եւ Իրանի միջեւ ոլորտային համագործակցության վերաբերյալ համապատասխան հուշագրի ստորագրումից հետո: Դրա մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
«Այս պահին կողմերը քննարկումներ են անցկացնում, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշագրի ստորագրման վերաբերյալ»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Տերյանը: Ըստ փոխնախարարի` միայն դրանից հետո Հայաստանն ավելի պարզեցված ընթացակարգով կկարողանա օգտվել Իրանի երեք հիմնական նավահանգիստներից՝ Էնզելիից, Բանդար Աբբասից եւ Չաբահարից:
Ինչ վերաբերում է Չաբահար նավահանգստում ՀՀ–ի օպերատորական գործունեությանը, ապա Տերյանը նշեց, որ հարցը քննարկման փուլում է ինչպես իրանական, այնպես էլ հնդկական կողմի հետ:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը պայմանավորվել են ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտագործել իրանական նավահանգիստները: Ըստ փոխնախարարի` դա մտնում է «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության տրամաբանության մեջ։
Հայաստանն աշխատում է Իրանի եւ Հնդկաստանի միացմամբ մուլտիմոդալ արագընթաց բեռնափոխադրումների երթուղու ստեղծման ուղղությամբ: Խոսքը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է, որը հնարավորություն կընձեռի կրճատելու հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան եւ եվրոպական երկրներ Սեւ ծովով։