Հայաստանի թողտվությամբ, աջակցությամբ կամ փոխհամաձայնության հիմքով, ինչպես կուզեք անվանեք, 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP-2) կազմակերպվելու է Ադրբեջանում։ Իր երկրում անցկացնելու հնարավորության վրա վետո չդնելու դիմաց Իլհամ Ալիեւը վերադարձրեց Արցախյան երկրորդ պատերազմում գերեվարած մեր հայրենակիցների ընդամենը մի մասին՝ 32 հոգուն։
Հայաստանում շատ փորձագետներ շտապեցին գնահատել, որ, ճիշտ է, յուրաքանչյուր գերու վերադարձը խիստ կարեւոր է, բայց մեր իշխանությունները շատ մեծ գին են վճարել։ Այս պահին դժվար է գնահատել այդ գինը։
Այդ համաժողովը ՄԱԿ-ի շատ կարեւոր միջոցառումներից է, որն անցկացվում է ամեն տարի, եւ որին մասնակցում են բազմաթիվ երկրների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, կլիմայի եւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ ու քննարկում են, թե ինչպես կանխել, նախապատրաստվել կլիմայի փոփոխություններին, ինչ անել գլոբալ տաքացումներից խուսափելու համար։
COP-28-ն այս տարի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ին կայացավ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մասնակցեցին ավելի քան 90 հազար ներկայացուցիչներ տարբեր երկրներից ու միջազգային կառույցներից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Անգլիայի վարչապետ Ռիշի Սունակը, թագավոր Չարլզ 3-րդը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հնդկաստանի, Թուրքիայի ու բազմաթիվ այլ պետությունների նախագահներ, նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ադրբեջանին Եվրոպայի կարեւոր գործընկերը համարող՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Հաջորդ տարի գրեթե այդքան մարդ ու ղեկավարներ կգնան Ադրբեջան։ Դժվար է ասել, Հայաստանի եւ այդ երկրի հարաբերություններն այն մակարդակի վրա կլինե՞ն, որ մեր երկրից էլ մեկը գնա, բայց այդ միջոցառմանը, այդքան բարձրաստիճան պաշտոնյաներին եւ այլ մասնակիցներին հյուրընկալելն արդեն մեծ հնարավորություն է Ադրբեջանի համար։ Դա միջազգային հարթակներում Ադրբեջանի վարկանիշի, ճանաչելիության բարձրացման հնարավորություն է։ Միջազգային հանրության ուշադրությունը կսեւեռվի այդ երկրի վրա, Ալիեւը կունենա ոչ միայն իր բնապահպանական խնդիրները, այլեւ Հայաստանի ու Արցախի նկատմամբ կատարած վայրագությունները լեգիտիմացնելու ահռելի լսարան։
Դա միջազգային հանրությունից իր բնապահպանական խնդիրները կոծկելու կամ դրանց համար լուծումներ ստանալու, ի վերջո ավելի ամրանալու եւ մեր երկրի դեմ օգտագործելու առիթ է, ինչին օժանդակեց Հայաստանը։
Իսկ Ադրբեջանն ունի բնապահպանական ահռելի խնդիրներ եւ կլիմայի փոփոխության մեջ՝ կայուն ներդրում։ Ընդհանրապես հանքահումքային երկրները, հատկապես՝ նավթ եւ գազ արդյունահանող, կլիմայի աղտոտման ու գլոբալ կլիմայական փոփոխությունների համար մեղքի ամենամեծ բաժինն ունեն։ Դրա պատճառներից մեկը ոչ միայն նավթի ու գազի արդյունահանումն է, այլեւ նավթի ու գազի հատկապես ներքին ցանցի հնամաշ լինելը։ Ադրբեջանում այն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գրեթե չի թարմացվել։
Cop-29-ի գլխավոր թեմաներից է լինելու մեթանի արտանետումը կամ դրա նվազեցումը։ «Դա կոչվում է մեթանի փախուստային արտանետում։ Իսկ մեթանը շատ ագրեսիվ ջերմոցային գազ է, 21 անգամ ավելի ագրեսիվ, քան մեզ հայտնի CO2-ը, որը ջերմոցային էֆեկտ է առաջացնում։ Մեթանի հիմնական աղբյուրը նավթի ու գազի արդյունահանումն է։ Ադրբեջանում նավթի ու գազի կայանքները, մանավանդ ցամաքում գտնվողները, բավական հին են եւ անորակ։ Այնտեղ մեթանի փախուստային արտանետումները շատ մեծ են։ Դա Ադրբեջանի համար լուրջ խնդիր է, եւ հարցն ընդհանրապես նրա հարեւանների համար խիստ արդիական է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։
Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող երկրներն ու միջազգային խոշոր ընկերություններն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործում եւ մեթանի արտանետումները գտնող, որսացող դետեկտորներ են կիրառում։ Հետխորհրդային երկրներում մեկ շնչին ընկնող մեթանի արտանետումներով առաջատարը Թուրքմենստանն է, հետո՝ Ադրբեջանը։
Փորձագետներն ասում են՝ Ադրբեջանի դեպքում այդ հարցն անգամ լավ ուսումնասիրված չէ, եւ այդ երկիրը մինչ այժմ ճարպկորեն խուսափել է իր արտանետումների համար պատասխանատվություն կրելուց կամ դրանց նվազեցման համար ներդրումներ անելուց։ Եվ փոխանակ Հայաստանը նման հարց բարձրացներ, վետո դներ այդ երկրի թեկնածության վրա կամ ավելի մեծ զիջումներ պահանջեր, աջակցել է, որ Cop-29-ն անցկացվի այդ երկրում։ Դրա դիմաց ընդամենը 32 գերու վերադարձը շատ քիչ էր, անգամ մեր բոլոր գերիների վերադարձն էր քիչ։ Համարձակ բանակցելու դեպքում հնարավոր կլիներ ավելի մեծ զիջումներ կորզել։
Արա Մարջանյանն ավելացնում է, որ Ադրբեջանի իշխանությունները նավթի ու գազի արդյունահանումից ու արտահանումից ստացած հսկայական եկամուտներից էներգետիկ ցանցի նորոգման համար գումար չեն ծախսում, գրպանում են։ Փոխարենը այդ համաժողովի ժամանակ Ալիեւը ցույց է տալու, որ մտահոգված է մեթանի արտանետումներով, չի կարող դրա դեմն առնել, եւ փորձելու է կլիմայի փոփոխություններից անհանգստացող երկրներից փող ու տեխնոլոգիաներ ստանալ դա մեղմելու համար։
Ահա թե ինչու է Ալիեւի համար շատ կարեւոր, որ այդ համաժողովն իր երկրում անցկացվի։ Եվ ահա թե ինչքան քիչ զիջումներ ստացավ Հայաստանը նրան այդ հնարավորությունը տալու դիմաց։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։