Գյումրու կենտրոնը՝ Հաղթանակի պողոտան, Շահումյան փողոցը հարակից տարածքներով՝ մինչեւ Վարդանանց հրապարակ, առեւտրականները գրոհել են. ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկա:
Մինչեւ ճանապարհի երթեւեկելի մասը՝ գետնին, խիտ-խիտ շարված են միսը, կաթնամթերքը, միրգ-բանջարեղենը եւ այլ մթերք: Որ առեւտուրը տոնական է, հաստատում են մթերքի երկար շարքը տեղ-տեղ կիսող վաճառքի տոնածառերն ու խաղալիքները:
Բնակիչներն ահազանգում են. հետիոտնը քայլելու տեղ չունի, ավտոմեքենան՝ երթեւեկելու: Ապօրինի բացօթյա առեւտուրը վերացնելու պահանջը քաղաքում նոր չէ: Բոլոր ղեկավարների օրոք էլ հարցը բերվել է առաջ, սակայն ապարդյուն. մարդկանց հացի խնդիրն է լուծվում:
Հարցին լուծում տալու վերջին զանգվածային գործընթացը 2021 թվականի դեկտեմբերին էր մեկնարկել: Գյումրու քաղաքապետարանը բացօթյա առեւտուրն արգելելու որոշում էր ընդունել, առեւտրով զբաղվողներին ժամանակ էր տրվել ազատելու փողոցներն ու մայթերը: Բացի այդ՝ քաղաքապետարանը որոշել էր ամբողջությամբ վերացնել «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի շուկան, հանել բոլոր տաղավարները, տարածքն էլ դարձնել ավտոմեքենաների համար երթեւեկելի միակողմանի փողոց: Գյումրեցիների եւ հյուրերի՝ ազատ փողոցներով հիանալու եւ քայլելու ուրախությունը կարճ տեւեց:
2023 թվականն ավարտվում է, բայց առեւտրով զբաղվողները նույն տեղում են, փողոցներն ու մայթերն էլ՝ գերբեռնված:
Մեղադրանքի սլաքներն ուղղել միայն առեւտրականների կողմը, մեղմ ասած, արդար չէ. քաղաքապետարանն այդպես էլ չկարողացավ նրանց համար խելամիտ այլընտրանք առաջարկել: Ուղղորդում են սեփականատեր ունեցող Միկրոյի շուկա, բայց գնացող չկա. ասում են՝ սեփականատերն ինչպես ուզի, ինչ գին սահմանի, լուռ ենթարկվելու են: Համայնքապատկան շուկա գնալուն դեմ չեն, բայց մի խնդիր կա՝ համայնքապատկան շուկա չկա:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը փողոցային առեւտրի ծաղկման մեջ գնորդների մեղքն էլ է մեծ համարում: Ասում է՝մարդը պետք է հասկանա, որ փողոցից ձեռք բերված սնունդը լրջագույն վնաս կարող է հասցնել իրեն եւ իր ընտանիքին: Չլինի պահանջարկ, չի լինի նաեւ առաջարկ:
Թե ինչ է անում տեսչական մարմինը ապօրինի առեւտուրը կանխարգելելու գործում, Անուշ Հարությունյանն ասում է՝ իրենք գործ չունեն, մի բան գիտեն. փողոցային առեւտուր չպետք է լինի եւ վերջ: Ըստ նրա՝ տեսչական մարմինն աշխատում է միայն իրավաբանական անձանց հետ՝ սննդի կետեր, արտադրամասեր, իրացման ցանց: «Փողոցում վաճառվող սննդամթերքն առանց որեւէ հիմնավորման ու փաստաթղթի համարվում է վտանգավոր, հատկապես մսամթերքն ու կաթնամթերքը, էլ մենք ինչ գնահատական տանք»:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ Արթուր Դավթյանն ասում է՝ հարցին հիմնական լուծում տվողը քաղաքապետարանն է: Ոստիկանությունը համատեղ աշխատանք պետք է տանի, մենակ չեն կարող անել: Մինչեւ քաղաքապետարանից գրություն չստանան, գործելու իրավունք չունեն:
Դավթյանը նկատել է, ապօրինի առեւտրով զբաղվելու ամեն անհաջող փորձից հետո նրանք ավելի ագրեսիվ ու չենթարկվող են դառնում:
Որ մարդիկ, իրո՛ք, ուզում են փողոցներն ազատված տեսնել առեւտրականների արկղերից, հստակ է, ընդդիմացողները միայն մի քանի տասնյակ առեւտրականներն են:
Ամսի 1-ից ուժեղացված ծառայություն են իրականացնում, բայց թե ինչ է դրանից փոխվում, ոչ ոք չի տեսնում:
Քաղաքապետարանը կտրուկ չի արգելում փողոցային առեւտուրը, քանի որ գիտակցում է՝ այլընտրանք չկա, մարդիկ Ամանորի նախաշեմին նվազագույն ծախսերը հոգալու գումար են վաստակում:
Որ զբոսաշրջային քաղաքը հսկա ու փնթի շուկայի է վերածվել, անհերքելի է: Անհերքելի է նաեւ այն փաստը, որ ամենաաղքատ մարզում հաց վաստակողի ձեռքը բռնելն էլ դժվար է:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։