ԼՂ կառավարության շուրջ 315 միլիարդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ-ին։ Ազգային ժողովում դրա մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2023 թվականին պետական բյուջեում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախարարը նշել է, որ անգամ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ֆինանսաբանկային համակարգը պահպանել է իր ներկայացվածությունը ԼՂ–ում` նպաստելով տնտեսության բնականոն գործունեությանը։
Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ԼՂ կառավարության ու նրա ստեղծած հիմնադրամների պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կլինեն շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց սպասարկումը, ԼՂ–ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, անհնարին է դարձել։ Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ունեցած 315 միլիարդ դրամ պարտքի մեջ մտնում են նաև ԼՂ–ում հիփոթեքային վարկերով ձեռք բերված տների գումարը՝ 14 միլիարդ դրամ։
«Դա առաջ է բերել մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես` ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ ու ֆինանսական կայունության էական խաթարում, ֆինանսական ու բանկային վարկանիշների էական վատթարացում, հետեւաբար նաեւ տնտեսական ակտիվության նվազում»,– նշել է նախարարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության շուրջ 315 միլիարդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ-ին, որի 70 %-ն իր վրա կվերցնի ՀՀ Կառավարությունը, իսկ 30 %-ը` ՀՀ բանկերը։