Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտաքին քաղաքական հարաբերությունների խզումը չի բացառվում, թեեւ դա չի բխում Ռուսաստանի շահերից: Դեկտեմբերի 22-ին RTVI-ին տված հարցազրույցում սրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նա հավելել է, որ հարաբերությունների խզումն ամբողջությամբ կախված է Վաշինգտոնում կատարվող ընտրությունից, եւ ինքը նախապես ոչինչ չի բացառում:
«Մենք մեր քաղաքականությունը հետեւողականորեն, ակտիվորեն եւ ոչ ռեակտիվ ենք վարում՝ ներառյալ ամերիկյան ուղղությամբ՝ առաջնորդվելով սոսկ մեր ազգային շահերով: Մեր շահերից է բխում չխզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»,- շեշտել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով երկու երկրների հարաբերությունների ամբողջական խզման հնարավորության մասին հարցին։
ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ երկրների միջեւ հաղորդակցությունն ու երկխոսությունը անհրաժեշտ են, բայց եթե ինչ-որ պահի ամերիկացիներն այլ կերպ մտածեն, ուրեմն «բանը կվերջանա խզումով»։ «Ռուսատյացության մակարդակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլորովին աննախադեպ է իշխանության բոլոր մակարդակներում եւ ճյուղերում, հիմնական լրատվամիջոցներում: Մենք դա զգում ենք ամեն օր»,- նշել է Ռյաբկովը: