«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սպանությունը, արեւմտյան հետախուզական ծառայությունների պնդմամբ, կազմակերպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ նախորդ տարվա ամռանը Պատրուշեւը զգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Պրիգոժինի ազդեցությունն օրեցօր վտանգավոր է դառնում, եւ մի գեղեցիկ օր մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավարը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Սակայն նախագահը անտեսել է Պատրուշեւի նախազգուշացումները, քանի որ, Կրեմլի համոզմամբ, «Վագների» վարձկանները զգալի ռազմական ձեռքբերումներ էին գրանցել Ուկրաինայում։
Իրավիճակը փոխվել է 2022-ի հոկտեմբերին, երբ Պրիգոժինը, ըստ ասեկոսեների, զանգահարել է Պուտինին եւ կոպիտ տոնով բողոքել է վարձկանների շրջանում մեծ կորուստներից՝ զինամթերքի անբավարարության պատճառով։ Պրիգոժին-Պուտին հեռախոսազրույցին, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրի, այդ պահին ներկա է եղել Նիկոլայ Պատրուշեւը: Պուտինն անուշադրության է մատնել «Վագներին» մատակարարումների վերաբերյալ Պրիգոժինի բողոքները:
Երբ 2023-ի հունիսին Պրիգոժինը ձեռնարկել է ապստամբությունը Ռուսաստանում, Պատրուշեւը դա գնահատել է «Վագների» ղեկավարից վերջնականապես ազատվելու լավ հնարավորություն:
Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարձկաններին տեղափոխել Բելառուս, ՌԴ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումները, Պատրուշեւը սկսել է մշակել Պրիգոժինին վերացնելու ծրագիրը։ Դրան ծանոթանալուց հետո Պուտինը չէր առարկել։
Օգոստոսի 23-ին «Շերեմետեւո» օդանավակայանում, ըստ ռուսական հետախուզության նախկին աշխատակցի, փոքր ռումբ է տեղադրվել «Վագների» հիմնադիրի անձնական օգտագործման մասնավոր Embraer-135 ինքնաթիռի թեւի տակ: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ դարձել են ավիավթարի զոհ։
Կրեմլում քրեական ընթերցվածք են անվանել
Դեկտեմբերի 22-ին ավելի ուշ Կրեմլը The Wall Street Journal-ի՝ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան մասին հրապարակումը «դեղին մամուլի ընթերցելիք» է անվանել։
«Մենք տեսել ենք այս նյութը, բայց չենք ցանկանա մեկնաբանել, քանի որ դժվար թե նման նյութերը մեկնաբանվեն։ Վերջերս, ցավոք, Wall Street Journal-ը սիրում է pulp fiction {քրեական ընթերցվածք} արտադրել»,- «Մայակ» ռադիոկայանի հեռագրային ալիքին տված հարցազրույցում ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։