Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ Միացյալ Նահանգները դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելիք հրամանի՝ երկրորդական պատժամիջոցներ կկիրառի օտարերկրյա այն բանկերի նկատմամբ, որոնց գործողություններն օգնում են Ռուսաստանին շրջանցելու պատժամիջոցները՝ նման կերպ օգնելով Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Ռուսաստանը ձգտում է նվազեցնելու կախվածությունը դոլարից, եվրոյից եւ իենից այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելը Արեւմուտքի պատժամիջոցների ալիք առաջացրեց:
Մասնավորապես՝ ԱՄՆ գանձապետարանը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել օտարերկրյա ֆինանսական հաստատությունների դեմ՝ «Мир» համակարգի օպերատորի՝ Ազգային վճարային քարտերի համակարգի (NSCP) հետ գործակցության համար։
«Աշխարհի գրեթե յուրաքանչյուր բանկի ընտրության հնարավորություն է ընձեռվել՝ շարունակելու ապրանքներ վաճառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին կամ կապված լինել ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ»,- ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հավելել է, որ ընտրություն անելիս պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգների տնտեսությունն անհամեմատ ավելի մեծ է, եւ ԱՄՆ արժույթը՝ դոլարը, միակն է, որ օգտագործվում է ամբողջ աշխարհում:
Ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ եվրոպական եւ ամերիկյան բանկերը, եթե ուղղակիորեն ներդրումներ չեն կատարում Ռուսաստանում, կճնշեն երկրում իրենց գործընկերներին։ Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել ՌԴ նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը. Bloomberg-ը վերջինիս անվանել է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլու վերածելու գաղափարի հեղինակ, ինչպես նաեւ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը։