Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց արձանագրություն, որի վավերացման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործելու Արաբական Միացյալ Էմիրություններ:
Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին վավերացրել է 2023-ի դեկտեմբերի 5-ին ստորագրված համապատասխան արձանագրությունը: Այն ԱԺ նիստում ներկայացրել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը: Արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին ավելի ուշ:
Վահան Կոստանյանը նշել է, որ երկու երկրների համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում զարգանում է դինամիկ կերպով, առկա է ընդգրկուն երկկողմ օրակարգ: Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում ՀՀ առաջին առեւտրային գործընկերն է: Յուրաքանչյուր շաբաթ մոտ 30 թռիչք է լինում Հայաստանից Էմիրությունների տարբեր քաղաքներ: Ըստ փոխարտգործնախարարի՝ ԱՄԷ քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցությունը ծառայում է նաեւ որպես տարանցիկ ուղի ՀՀ քաղաքացիների համար՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի, Ասիայի եւ Աֆրիկայի տարբեր ուղղություններով ճամփորդելու համար
«Արձանագրության վավերացման արդյունքում երկու երկրների՝ 6 ամսից ոչ պակաս վավերականության ժամկետով անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ եւ տարանցմամբ տեղաշարժվել իրենց համապատասխան երկրների տարածքով առանց մուտքի արտոնագրի եւ վճարի»,- հավելել է Կոստանյանը:
Մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատված անձնագրեր են համարվում երկու երկրների վավերացման դիվանագիտական, հատուկ, պաշտոնական եւ սովորական անձնագրերը: Նշված անձնագրեր ունեցող կողմերի քաղաքացիներին թույլատրվում է գտնվել մյուս կողմի երկրի տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով: