ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 22-ին Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի, այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցներում, ի թիվս այդ երկրների հետ ՌԴ-ի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի, քննարկել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ հարցեր:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի արտգործնախարարն այդ համատեքստում մատնանշել է որոշ օտարերկրյա կողմերի միջամտության բացասական հետեւանքները տարածաշրջանում եւ հայտարարել, որ տարածաշրջանի երկրները կարող են կառուցողական դեր խաղալ խաղաղության ապահովման գործում:
Լավրովն իր հերթին անդրադարձել է վերջերս Թեհրանում անցկացված 3+3 ձեւաչափով հանդիպմանը՝ ընդգծելով փոխկապակցված երկրների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ աջակցելու Ադրբեջանին եւ Հայաստանին խաղաղության համաձայնության հասնելու համար։ ՌԴ արտգործնախարարը նաեւ ողջունել է Իրանի կարեւոր եւ կառուցողական դերը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու հարցում։
Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարեւորությունը: