«Վերջերս Ադրբեջանում գտնվող 51 գերու վերաբերյալ զեկույց էինք հրապարակել։ Տարբեր մասնագետներ ու կառույցներ կարող են ունենալ տարբեր թվեր։ Սա մեծ վտանգ է․ ինչո՞ւ գերիների թիվը հրապարակված չէ Հայաստանում պետական կամ միջազգային որեւէ կազմակերպության մակարդակով։ Հայտնի չէ, թե քանի հայ գերի կա Բաքվի բանտերում»,- ասում է Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի տարածաշրջանային ղեկավար Արշակ Գասպարյանը։
Նրա համոզմամբ՝ սա Ադրբեջանի գործելաոճն է, որն անորոշության, ցավի ու տառապանքի է հանգեցնում։ Սա նաեւ հոգեբանական տեռորի բաղադրիչ է, որին ենթարկվում են ՀՀ քաղաքացիներն այստեղ։
Ադրբեջանը պարտավորվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հայկական կողմին հանձնել բոլոր մարմիններն ու գերիներին։ Ու քանի դեռ Հայաստանին չեն հանձնվել շատերի մարմինները, նրանց մահացած լինելու վերաբերյալ չկա որեւէ տեղեկություն, ապա կարելի է ենթադրել, որ 100 եւ ավելի անհետացած մարդկանցից ոմանք, եթե ոչ բոլորը, կարող են լինել Ադրբեջանի բանտերում։
Ըստ Արշակ Գասպարյանի՝ այս հարցերի վերաբերյալ չպետք է դադարել խոսելուց ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային մակարդակով։
Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Տարբեր ազգերի շուրջ 30 իրավաբաններ միավորվել են՝ ՀՀ-ում զարգացնելու փաստահավաք առաքելությունը։ Երկրորդ մանդատը, որ ունի Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը, միջազգային իրավունքի մասնագետերի կրթումն է Հայաստանում․ երեք իրավաբանական կլինիկաներում կրթվել է ավելի քան 100 ուսանող՝ միջազգային իրավունքի մասով, հմտացել հատկապես ցուցմունքներ ու վկայություններ վերցնելու գործում։ ՀՀ կրթական համակարգը, ըստ Արշակ Գասպարյանի, այս հարցում դեռ շատ անելիք ունի։
Վերոնշյալ 100 ուսանողից 60-ը սերտիֆիկատ են ստացել, որ վերապատրաստվել են որպես «առաջին ձեռքից» վկայություն վերցնող։ Արդեն այս տարվանից ԵՊՀ-ում կա միջազգային իրավունքի եւ արբիտրաժի մագիստրոսական ծրագիր։
«Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնն այս երեք տարում հսկայածավալ աշխատանք է կատարել, եւ մեր հիմնական գործառույթը եղել է ապացույցների հավաքումը վկաներից, որոնք տառապել են պատերազմական, մարդկանց դեմ հանցագործություններից, որ տեղի են ունեցել Արցախի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքած վկայությունները փաստում ենք ապացույցներով, որոնք ներկայացվել են եւ առաջիկայում պիտի ներկայացվեն միջազգային ատյաններում»,- նշեց Արշակ Գասպարյանը։
Ներկայացվել է ավելի քան 30 զեկույց ՄԱԿ-ի հատուկ գրասենյակներին։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչները Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի հավաքած ապացույցներին բազմիցս հղումներ են արել։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին Հայաստան վերադարձած 32 գերեվարված անձանցից, որոնք փոխանակվեցին երկու գերու հետ, արդեն 10 դիմում է ստացվել խոշտանգումների վերաբերյալ, որոնք այժմ քննության փուլում են։
Վերջերս զեկույցներ են պատրաստվել նաեւ ատելության խոսքի, մշակութային ժառանգության, հատկապես Ամարասի վանքի վերաբերյալ։
Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի առաքելությունն է ապացուցել եւ հիմնավորել ճշմարտությունը եւ հասնել արդարադատության։ Կենտրոնի գործունեությունը միտված է նաեւ նրան, որ բոլոր գերիները՝ անկախ զինվորական կամ քաղաքացիական անձ լինելու հանգամանքից, վերադառնան, եւ սա չպիտի լինի սակարկման հարց։
«Միջազգային կազմակերպությունները, ինչպիսին մերն է, տեղական կազմակերպությունները, իրավաբանների տեղական խմբերը պիտի անեն ամեն ինչ, որ իրենց տներ վերադառնան նրանք, որոնց մասին ունենք տեղեկություն, որ Բաքվի բանտերում են, կամ տեղեկություն չկա, բայց անհետ կորած են, բայց հավանական է, որ անազատության մեջ են այնտեղ։ Վկայությունների հավաքումն այս հարցում համար մեկ քայլն է։ Շատ կարեւոր է, որ անհերքելի ապացույցները հասնեն միջազգային ատյաններ՝ Միջազգային արդարադատության դատարան, Միջազգային քրեական դատարան եւ բոլոր այն ատյաններ, որոնք կարող են քննել այս գործերը»,- ասում է Արշակ Գասպարյանը։
Ի թիվս այլ միջազգային կառույցների՝ Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը 24 ժամ, 7 օր ռեժիմով աշխատում է։
Անկախ նրանից, թե գործը որ կոնվենցիայի շրջանակում է, ինչպիսի տերմին է օգտագործվում այն մարդկանց վերաբերյալ, որոնք Ադրբեջանում անազատության մեջ են՝ քաղբանտարկյալներ, գերեվարված անձինք, ռազմագերիներ․․․ ո՛ր տերմինաբանությամբ էլ կիրառվի, նրանք այնտեղ են, որովհետեւ հայ են։ Սա բազմաթիվ ուղիղ փաստերով է ապացուցվել։
Առանցքային են վերադարձած գերիների վկայությունները, որպեսզի հավաքագրվեն այն մարդկանց, հրամանատարների անունները, որոնք որեւէ կերպ կարող էին առնչություն ունենալ պատերազմական գործունեության, ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության իրագործման հետ։
Արշակ Գասպարյանն ասում է՝ Հայաստան վերադարձած գերիների ծնողները պիտի աչալուրջ լինեն։ Վերադարձած գերիները պիտի մանրակրկիտ զննություն անցնեն՝ ստամբուլյան արձանագրության տառին համապատասխան, պետք է փնտրել ֆիզիկական խոշտանգման հետքերը»,- մանրամասնում է Արշակ Գասպարյանը։
Ըստ նրա՝ խոշտանգումների դեպքերի փաստագրման վերաբերյալ խոսելիս պետք է արձանագրել՝ հոգեբանական ցավի ու տառապանքի գնահատումը դեռեւս բարձիթողի վիճակում է։ Եթե մարմնական զննությունը, արձանագրությունը պարտադիր են, ապա նույն կերպ էլ պարտադիր են հոգեկան ցավի ու տառապանքի վերաբերյալ հաշվառումն ու գրանցումը․ այս գործիքակազմը պիտի լինի բոլոր այն հաստատություններում, որտեղ վերադարձած գերիները զննություն են անցնում։
Գերիներն ու նրանց հարազատները պիտի հետամուտ լինեն, որ բժշկական փաստաթղթերում գրանցվեն բոլոր մանրամասները, իսկ պետությունը պիտի անի ամեն ինչ, որ վերադարձած գերիները ստանան հոգեբանասոցիալական աջակցություն։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումները դրսեւորվում են դեպքից մեկ, երեք եւ ավելի տարի անց, ուստի մարդկանց վերականգնումը պետք է ուշադրության կենտրոնում պահել։
Արշակ Գասպարյանն ընդգծում է՝ պետք է գերիներին հորդորել, որ նրանք պատմեն իրենց հետ տեղի ունեցածի մասին, ցուցմունքներ տան։ Այդ վկայությունները միայն իրենց կյանքի համար չեն։ Դա պիտի արվի հանուն մեր երկրի, հանուն նրանց, որոնք զոհվեցին, եւ հանուն նրանց, որոնց մասին տեղեկություն չունենք, չգիտենք՝ որտեղ են։
Ադրբեջանում անազատության մեջ պահվողները չեն ստանում իրավական աջակցություն հավուր պատշաճի, այսինքն՝ ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների համապատասխան իրենց հարազատներին տեսնել, լսել, շփվել չեն կարողանում․ սրանք իրավունքի խախտումներ են, որոնք արձանագրված են։
Արշակ Գասպարյանն անդրադարձավ նաեւ շրջանառվող այն կարծիքներին, որ եթե լրագրողները տեսանկարահանեն վերադարձած գերիներին ու ներկայացնեն նրանց պատմությունը, ապա Բաքվի բանտերում կթիրախավորվեն անազատության մեջ պահվող մյուս անձինք։ Գասպարյանն ասում է՝ չկա որեւէ ապացույց, որ վերադարձած որեւէ գերու մասին խոսելու պատճառով Ադրբեջանում պահվող մեկ այլ գերի ենթարկվել է բռնության։
«Երբեմն գերիների հարեւաններն ասում են՝ եկե՛ք չխոսենք նրանց մասին, որ Բաքվում գտնվողների վիճակն ավելի չվատանա։ Բռնի անհետացածների մասին պիտի խոսե՞նք, թե՞ ոչ։ Այն մարդիկ, որոնք ասում են՝ չպետք է խոսենք, կարո՞ղ են որեւէ կերպ հիմնավորել, որ դա ավելի լավ վիճակի է բերելու, եւ ո՞րն է այդ լավ վիճակը։ Ես կարող եմ պնդել, որ նաեւ մեր կազմակերպության ջանքերով են գերիները վերադարձել։ Սա մեր կատարած աշխատանքի արդյունքն է։ Վկայություն տալը միայն մեկ անձի համար չէ, սա ՀՀ քաղաքացիների հարցն է»,- ասում է Արշակ Գասպարյանը։
Կա հատուկ մեթոդաբանություն, որն օգնում է, որ մարդը կրկնազոհացումից հնարավորինս զերծ պահվի անգամ նույն բանը բազմաթիվ անգամներ պատմելիս։
«Շատ կարեւոր է, որ լրատվամիջոցներն էլ ներկայացնեն սա։ Պետք է խոսել գերիների մասին։ Միջազգային որեւէ կառույց՝ բացի Կարմիր խաչից (որը, որպես կանոն, միշտ ուշացած է), բանտարկյալների ու անազատության մեջ պահվողների վերահսկողությամբ չի զբաղվում։ Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն եւս չի մտնում այդ բանտեր, որովհետեւ կա նաեւ քաղաքական ու պատերազմական համատեքստ, եւ դա նրա լիազորությունը չէ»,- մանրամասնում է Արշակ Գասպարյանը։
Ըստ նրա՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն» շատ կարեւոր գործ է անում, բայց մարդասիրական մակարդակով․ նրանց մեթոդաբանությունն ու դրանց արդյունքներն ամբողջությամբ գաղտնի են․ սա այդ կազմակերպության աշխատաոճն է հարյուր եւ ավելի տարի։
«Եթե մենք չիմանանք եւ չխոսենք, ինչպե՞ս իմանանք, թե մեր որդիներն ինչ վիճակում են այնտեղ։ Աննպատակ է, իմաստազրուրկ է չպատմել այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել Բաքվի բանտերում։ Մեր հարցազրույցները խիստ իրավական են։ Բազան, տեղեկությունները հատուկ պաշտպանված են, եւ տեղեկությունները հատուկ թույլտվություններով ենք տրամադրում»,- եզրափակեց Արշակ Գասպարյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։