ԱՄՆ-ը ծրագրում է վերագործարկել Խաղաղօվկիանոսյան կղզիների օդանավակայանը, որտեղ սկսվել են Նագասակիի եւ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունները: Միացյալ Նահանգները նման կերպ փորձում է ընդլայնել իր բազայի հնարավորությունները Չինաստանի հետ ռազմական գործողությունների դեպքում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի գեներալ Քենեթ Ուիլսբախին։
Տինիանը՝ Մարիանյան կղզիների արշիպելագի մի մասը, գտնվում է Հավայան կղզիներից մոտավորապես 6 հազար կմ դեպի արեւմուտք՝ Խաղաղ օվկիանոսում։ Այս բոլոր կղզիներում, որոնք գրավվել են Ճապոնիայից 1944 թվականին, տեղակայվել են B-29 ռմբակոծիչներ, որոնք օգտագործվել են Ճապոնիայի տարածքի վրա հարձակվելու համար:
Ներկայում Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հիմնական մասը տեղակայված է Գուամի եւ Օկինավայի բազաներում: Տինյանի նոր օդանավակայանը կարող է դառնալ նաեւ չինական հրթիռային հարձակումների թիրախ՝ հարձակման հիմնական մասն ընդունելով իր վրա:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային օպերատիվ-ռազմավարական միավորման հրամանատար Ուիլսբախը հայտնել է, որ այս բազան ապագայում կարող է դառնալ ընդարձակ ռազմական օբյեկտ: Գեներալը հավելել է, որ դրա համար նախ անհրաժեշտ է օդանավակայանը մաքրել բույսերից. 77 տարում այն վերածվել է իսկական ջունգլիի։
Քենեթ Ուիլսբախը խոստացել է, որ մի քանի ամսվա ընթացքում այս հարցում «զգալի առաջընթաց» կարող է նկատվել։ ԱՄՆ բանակի ներկայացուցիչների կողմից այս առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։
Ավելի վաղ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Մունեո Սուզուկին ասել էր, որ ԱՄՆ կառավարությունը, որը բարձրաձայն խոսում է այլ երկրների գործողությունների մասին, պետք է ազնվորեն ասի Ճապոնիային եւ ամբողջ աշխարհին, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունը սխալ քայլ էր: