Ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանին շուրջ 90 հազար եվրո են վճարել 2023-ին Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթերի համար։ Դրա մասին հայտնել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Տեղեկացնում ենք, որ 2023 թվականին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը եղել է 90.018. 71 եվրո»,– ասված է գրավոր հարցման պատասխան գրության մեջ:
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, 2021-ի հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջեւան ուղեւորատար չվերթերի համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաեւ ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Buta Airways–ը։ 2023-ի հոկտեմբերին դրանք միավորվեցին։
Չնայած Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ապա տեղի բնակչության բռնի տեղահանմանը՝ Հայաստանն իր օդային տարածքը ադրբեջանական ինքնաթիռների համար չի փակել։
2022-ին Ադրբեջանի ազգային ավիափոխադրող ԱԶԱԼ-ը նույն երթուղով թռիչքների համար Հայաստանին վճարել էր մոտ 112 հազար եվրո։