ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է եւ ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։ Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար: Մեծ Մանթաշ-Արագած, Բերդ-Ճամբարակ եւ Գորայք գյուղ (նաեւ Ջերմուկի խաչմերուկից) տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հանրապետության տարածքի մեծ մասում՝ բացառությամբ Արարատյան դաշտի, ուժեղ քամիները կպահպանվեն մինչեւ դեկտեմբերի 26-ի երեկոյան ժամերը, որից հետո աստիճանաբար կդադարեն։
Ալագյազ-Արթիկ եւ Մեծ Մանթաշ-Արթիկ ավտոճանապարհները (բուք է) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթեւ-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի եւ Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան եւ Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ Սյունիքի մարզում, Ջերմուկ, Հրազդան, Գավառ, Սեւան, Ճամբարակ, Բերդ քաղաքներում եւ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գավառ, Սեւան, Ճամբարակ քաղաքներում, Շինուհայր եւ Գորայք գյուղերում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Դեպարտամենտից կոչ են անում նաեւ ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։