Գյումրիում ամփոփվեցին «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Շիրակի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում այս տարվա սեպտեմբեր-դեկտեմբերին իրականացված 18 ենթադրամաշնորհային նախագծերը:
Հայտարարված ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացնում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։
Ֆինանսավորում է Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), իրականացնում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների համագործակցությամբ։ Որպեսզի ամենահեռավոր համայնքների դպրոցներն ու մանկապարտեզներն օգտվեն արեւային էներգիայից, գյուղերում էլ այգիներ ու պուրակներ հիմնվեն, Ավստրիական զարգացման գործակալությունը շուրջ 53 միլիոն դրամ է հատկացրել:
Կազմակերպիչները նշում են, որ ենթադրամաշնորհի հայտարարված մրցույթին 400-ից ավելի հայտեր են ստացել համայնքապետարաններից, դպրոցներից եւ այլ կառույցներից: Ընտրել են այն դիմումները, որտեղ կան թե՛ կլիմայական կրթության, թե՛ համայնքի զարգացման բաղադրիչներ, եւ ֆինանսավորել:
Օրինակներից մեկը Ախուրյան համայնքի ամենահեռավոր, մարզկենտրոնից կտրված Լեռնուտ գյուղն է: Տասնամյակներ շարունակ այստեղ դասերն անցկացրել են անմխիթար տնակում: Այժմ դպրոցը տեղափոխվել է գյուղի նորակառույց համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են նաեւ մանկապարտեզն ու վարչական նստավայրը:
Ախուրյանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի պետ Գնել Մանուկյանն ասում է՝ գյուղում գազ չկա, ոչ էլ հույս կա, որ առաջիկա տասնամյակում կունենան: Դիմել են ենթադրամաշնորհին ու շահել: Այսուհետեւ Լեռնուտի դպրոց-մանկապարտեզը կջեռուցվի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի տրամադրած շուրջ 3 միլիոն արժողությամբ ֆոտովոլտային կայանի արտադրած էներգիայով:
Ծրագիրը մի քանի խնդիր է լուծել մարզերում. կլիմայի փոփոխությունն ու բացասական ազդեցությունը մեղմեն, նոր սերունդը կլիմայական կրթություն ստանա, ուսուցիչներն էլ իրենց վրա վերցնեն երեխաներին «կանաչ» կրթություն տալու պարտականությունը: Ծրագրի շրջանակում 400 ուսուցիչ է վերապատրաստվել գյուղերի երիտասարդներին արտադասարանական կլիմայական կրթություն տալու համար: Շուրջ 1000 երիտասարդ էլ հասցրել է մասնակցել «Կլիմայի փոփոխությունների եւ շրջակա միջավայրի պահպանում» թեմայով դասընթաց-տեղեկատվական հանդիպումների։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ, «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհային բաղադրիչի մշտադիտարկման եւ որակի խորհրդատու Արթուր Նաջարյանը թվարկում է հեռավոր համայնքներում արդեն իրագործած ծրագրերը՝ 10 արեւային ֆոտովոլտային, 2 հակակարկտային կայաններ, 160 աղբամաններ, 4 զբոսայգիների ոռոգման անցկացում, կանաչապատում, վերանորոգում, անգամ ջրհորի կառուցում եւ բազմաթիվ կյանքի կոչված այլ ծրագրեր երիտասարդների ակտիվ մասնակցությամբ:
Նաջարյանն ասում է՝ Շիրակի մարզի հեռավոր գյուղերի դպրոցներին անգամ էլեկտրատաքացուցիչներ են տրամադրել: Զարմանքով է փաստում, որ մեր օրերում դեռեւս կային դպրոցներ, որտեղ նավթով վառվող վառարաններով են դասասենյակ տաքացնում: Նա եւս մեկ կարեւոր շեշտադրում է անում. «Ծրագիրը համայնքներում դրական փոփոխություն բերեց. հզորացրեց ենթակառուցվածքները, որոշակիորեն լուծեց շրջակա միջավայրը պահպանելու խնդիրը եւ ամրապնդեց այն գաղափարը, որ բնությունը պահպանելը համընդհանուր եւ բոլորիս առջեւ ծառացած խնդիր է»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։