ՌԴ Պետդումայի «Նոր մարդիկ» կուսակցությունն առաջարկել է վերացնել վարորդական իրավունքն ու տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը տանը մոռացած վարորդների համար տուգանքները: «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վիտալի Եֆիմովն իր հերթին ասել է, որ թեեւ ճիշտ է համարում վարորդների դրության մեջ մտնելու գաղափարը, սակայն միաժամանակ նշել է, որ եթե տանը մոռացածների համար նախատեսված տուգանքը վերանա, բոլոր մեքենաների սեփականատերերը փաստաթղթերը «կմոռանան տանը»։
Պատգամավորն առաջարկել է, որպես վարորդների համար տուգանքի այլընտրանք, թույլ տալ նրանց տաքսիով գնալ մոռացված վարորդական իրավունքի հետեւից։ «Մեքենադ թող, նստիր տաքսի, վարորդական իրավունքդ բեր ու ճամփադ շարունակի՛ր։ Ի՞նչ պակաս տուգանք է որ։ Հիմա նման հնարավորություն չկա, տուգանում են ու վերջ, կարծես թե մարդն արագությունն է գերազանցել»,- նշել է պատգամավորը։
Նա հավելել է, որ թեեւ ինքը Պետդումայի պատգամավոր է, սակայն անձը հաստատող փաստաթուղթը տանը մոռանալու դեպքում իրեն չեն թույլ տա մտնել խորհրդարան: «Կան պայմաններ, որոնք պարտադիր են աշխատանքի համար»,- ասել է Պետդումայի տրանսպորտի հանձնաժողովի անդամ, Ռուսաստանի տրանսպորտի աշխատողների միության նախագահ Էֆիմովը։
Պետդումայի փոխխոսնակ Վյաչեսլավ Դավանկովն էլ նշել է, որ փաստաթղթերի բացակայության համար պատիժը չափազանցված է, քանի որ վարորդները կարող են տեղադրել «Պետական ծառայություններ. Ավտո» հավելվածը, որը ցուցադրում է փաստաթղթերի թվային պատճենները։
Ներկայում փաստաթղթերի բացակայության համար վարորդներին պատժում են վարչական տուգանքով: Բացի դրանից՝ վարորդական իրավունքի ու տրանսպորտային միջոցի գրանցման վկայականի բացակայության դեպքում ճանապարհային ոստիկանության տեսուչին իրավունք է վերապահված վարորդին զրկելու փոխադրամիջոց վարելու իրավունքից եւ ավտոմեքենան ուղարկելու տուգանային հրապարակ: