The Washington Post-ը հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյի գիտական աշխատանքներում «գրագողության անթիվ-անհամար» դեպքերից: Մասնավորապես լրագրող Ռութ Մարկուսը Գեյի աշխատանքում մատնանշել է մի քանի պարբերություն, որոնք պատճենված են այլ գիտնականների աշխատություններից։
«Քաղաքագետ Կլոդին Գեյի աշխատություններում խնդրահարույց մեջբերումների դեպքերը չափազանց հաճախակի են դարձել՝ դրանք անտեսելու համար: Դրանցից մի քանիսը դուրս են գալիս նույն կառույցներից օգտվելու սովորական կիրառությունից»,- գրել է լրագրողը։
Սա տեղի է ունեցել նրա հասցեին ուղղված քննադատություններից հետո, երբ Հարվարդի համալսարանի նախագահն «առանձնապես չի շտապել դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա»: Կլոդին Գեյին մեղադրում են նաեւ նրա համար, որ նա չի ընդդիմացել ուսանողների կազմակերպած պաղեստինամետ բողոքի ցույցերի անցկացմանը Հարվարդի համալսարանում, երբ ուսանողները հայտարարել են, որ Իսրայելն «ամբողջովին պատասխանատու է այն բոլոր բռնությունների համար, որոնք տեղի են ունենում հակամարտությունում»:
«Հազիվ թե ուսանողներին գրագողության համար չհեռացնեին համալսարանից, մինչդեռ համալսարանի նախագահին թույլատրվել է նախկինի պես շարունակել պաշտոնավարել»,- գրել է Կոլումբիայի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Ջոն ՄըքՈւորթերը New York Times պարբերականի սյունակում: Նա նաեւ նշել է, որ Գեյի պաշտոնավարումը «տպավորություն է ստեղծում, թե առաջադեմ համալսարանը երկակի ստանդարտներ ունի, երբ խոսքը վերաբերում է սեւամորթ կանանց»:
Ըստ իսրայելական Jewish Insider պարբերականի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, որը Հարվարդի նախկին ուսանող էր, աջակցել է Գեյին եւ հանդես եկել «համալսարանի վարչակազմի պահպանման» օգտին: Ըստ «Ֆրանսպրես» գործակալության թղթակից Մարկ Շիֆելբեյնի՝ առայժմ Գեյը շարունակում է պաշտոնավարել: