Իսրայելական Yedioth Ahronot պարբերականը տեղեկություններ է հրապարակել ԱՄՆ-ի կողմից Իսրայել ուղարկված զենքի մասին։
Պարբերականի տվյալներով՝ Գազայում ռազմական գործողության սկզբից ի վեր ԱՄՆ-ը Իսրայել է ուղարկել զենքով բեռնված 230 ինքնաթիռ եւ 20 նավ։ Այդ զինատեսակները ներառում են հրետանային արկեր, զրահատեխնիկա եւ զինվորականների հիմնական մարտական տեխնիկա:
Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան պարբերականի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է օգտագործվում զինամթերքը։
Նրա տվյալներով՝ իսրայելական բանակն օգտագործել է զինամթերքի մեծ մասը, որին տիրապետում էր նախքան պատերազմը։ Միաժամանակ ՑԱԽԱԼ-ը համալրել է իր զինապահեստները՝ պատրաստ լինելու «Հըզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի։
Ըստ պարբերականի՝ իսրայելական բանակը դեռեւս չի օգտագործել լիբանանյան ճակատում հարձակողական եւ հակաօդային պաշտպանության համար հատկացված զինամթերքը։
Հոդվածում նշվում է, որ «Գազայում վտանգն» ավելի ահարկու դուրս եկավ, քան ակնկալում էին Թել Ավիվում: Բախումների ժամանակ սպանված եւ վիրավորված իսրայելցի զինվորների թիվը սպասվածից չափազանց մեծ է. Գազայի հատվածում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի զինվորների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 158-ի։ Այս հանգամանքը Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպում է մտորել բանակի գործողությունները վտանգավոր տարածքներում հեշտացնելու համար կիրառվող զենքի մասշտաբի եւ հզորության շուրջ: