Թավշյա հեղափոխությունից, 44-օրյա պատերազմից, Արցախի հայաթափումից հետո Հայաստանի «Արեւմտյան» տոգորումների այս փուլում շատ է խոսվում Հայաստան-Վրաստան զուգահեռների, Հայաստանի՝ Վրաստանի օրինակով եվրոպական ուղի ընտրելու, ռուսական «վեկտորի» փոփոխության եւ այդ գործընթացների միջեւ զուգահեռների մասին։
Առաջին հայացքից գրավիչ եւ դյուրին կլինի նույնացնել Վրաստանի եւ Հայաստանի փորձառությունը։ Երկու երկրներում էլ տեղի են ունեցել ժողովրդական շարժումներ, փոխվել է կարծրացած, կոռումպացված ու կլիենտական իշխանությունը, եկել են նոր դեմքեր՝ դինամիկ, ճկուն, կենսախինդ եւ ժողովրդահաճո պոպուլիզմով լեցուն խոստումներով։
Եկել են եւ անմիջապես միացրել ազգայնականության «սկավառակը»։ Վրաստանի դեպքում դա կորսված տարածքների վերահսկման թեմայով Աբխազիայի եւ Օսիայի վերադարձն էր Թբիլիսիի ուղիղ վերահսկողության ներքո, Հայաստանի դեպքում՝ Արցախի ստատուս-քվոյի դե ֆակտո պահպանումը՝ համապատասխան կարգախոսներով ու կոչերով։
Թե՛ Փաշինյանը, թե՛ Սաակաշվիլին իշխանության են եկել հետընտրական պայքարի, կեղծված ու ժողովրդից գողացված ընտրությունների, նախկին կոռումպացված իշխանությունը մաքրելու, փողոցային ոչ բռնի պայքարի եւ արդյունքում գործող իշխանության՝ մի դեպքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, մյուսում Սերժ Սարգսյանի հրաժարականների եւ իշխանության փափուկ անցման միջոցով։
Երկու դեպքում էլ թե՛ Փաշինյանը, թե՛ Սաակաշվիլին չհայտարարված երաշխիքներ են տալիս գործող նախագահներին եւ նրանց անուղղակի աջակցությամբ ստանում իշխանությունը։
Մյուս կողմից՝ թե՛ Փաշինյանը, թե՛ Սաակաշվիլին «դրսից» մարդիկ չէին, նրանք իրենց քաղաքական համակարգերի ակտիվ եւ բազմամյա խաղացողներ էին, որոնք ինչ-որ փուլում սեփական կուսակցություններն էին բացել, մայրաքաղաքային ակտիվ քաղաքական գործիչներ դարձել՝ ուժեղացնելով իրենց դիրքերը փողոցային պայքարի ու հզոր հռետորի գործիքակազմով։
Սաակաշվիլին Շեւարդնաձեի կառավարության արդարադատության նախարարն էր, Փաշինյանը՝ 2017 թվականին ընտրված խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր դաշինքի ղեկավարը։ Եթե Փաշինյանն իշխանության գալուց հետո զուսպ, բայց չափավորված է խոսել ազգային հիմնի, գերբի ու դրոշի փոփոխության՝ հնարավորության եւ մոտեցումների մասին, ապա Սաակաշվիլին ուղղակի գործի մարդ էր, երդմնակալությունից անմիջապես հետո շատ կարճ ժամանակում փոխեց հիմնը, դրոշը եւ գերբը։
Ավելին՝ Սաակաշվիլին Չեչնիայից վերադարձնում է Վրաստանի առաջին նախագահ, արտաքսված, վրացական ազգայնականության ու տարածքային ամբողջականության ջատագով ու վրաց-աբխազական ու վրաց-օսական առաջին պատերազմերի պարտված նախագահ Զվիադ Գամսախուրդիայի աճյունը եւ մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկը կոչում նրա անունով։
Դրան զուգահեռ Սաակաշվիլին հարկադրում է Աջարիայում տեղական «արքայիկ» Ասլան Աբաշիձեին հրաժարական տալ, խեղդում է Աջարիայի կենտրոնախույս ձգտումները եւ էլ ավելի ինքնավստահ կերպով որոշում ավարտին հասցնել Զվիադ Գամսախուրդիայի երազանքը՝ միավորել Հարավային Օսիան եւ Աբխազիան, որոնք դեռ 90-ականների պատերազմից հետո պահպանել էին իրենց ինքնավարությունը Թբիլիսիից եւ վարում էին նկատելի պրոռուսական քաղաքականություն։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը «Արցախը Հայաստան է եւ վերջ» ազգայնական ու պոպուլիստական կարգախոսներով ջատագովում էր տարածաշրջանային հակամարտության ստատուս-քվոյի պահպանությունը՝ զուգահեռ բանակցությունների «իմիտացիայով» պահպանելով կառուցողական կողմի ամպլուան, իսկ տնտեսական ոլորտում շարունակում էր Սերժ Սարգսյանի իներցիոն քաղաքականությունն ու պահպանում Սարգսյանի կադրային ժառանգությունն իր կառավարությունում, Սաակաշվիլին տնտեսական ոլորտում իսկական հեղափոխական էր։
Նա իր ազգայնական հռետորաբանությունն ու Վրաստանը վերափոխողի ու միավորողի կերպարը ամրացնում էր կտրուկ ու պրոդուկտիվ տնտեսական ռեֆորմներով, խիստ հարկային քաղաքականությամբ, քրեական, կաշառակեր ու կլանային համակարգի դեմ անզիջում պայքարով, որի արդյունքում Վրաստանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, պարտված ռուս-վրացական պատերազմի հազարավոր փախստականների ֆոնին ուներ զգալի ու տպավորիչ, տասնամյակ տեւող տնտեսական պատկառելի արդյունք` 2007-2008 թվականներին գրանցելով 12.5% ՀՆԱ-ի աճ։
Թե՛ Փաշինյանը, թե՛ Սաակաշվիլին, իշխանության գալով ժողովրդական շարժմամբ ու քաղաքացիական հասարակություն կառուցելու խոստմամբ, անմիջապես տրվում են ազգայնականությանը, պոպուլիզմին, հզոր ու միացյալ Հայաստանի/Վրաստանի քարոզին, ունենում են միկրո հաղթանակներ՝ «Հուլիսյան հաղթանակներ»/«Աբխազական ճգնաժամը», եւ ձգտելով փոխել կամ Հայաստանի պարագայում պահպանել ստատուս քվոն՝ երկու դեպքում էլ շարժվում ընդդեմ տարածաշրջանի գերտերության՝ Ռուսաստանի շահերի։
Արդյունքում երկուսն էլ պարտություն են կրում՝ մեկը ռուս-վրացական 2008-ի պատերազմում, երբ ռուսական տանկերը Թբիլիսիի մատույցներում էին, մյուսը՝ 2020-ի 44-օրյա պատերազմում, երբ Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ տարավ Լեռնային Ղարաբաղի հետագա փուլային կլանմամբ։
Թե՛ Սաակաշվիլին, թե՛ Փաշինյանը սկզբում իրենց դիրքավորում էին որպես բազմավեկտոր քաղաքականության կողմնակից, հարեւանների, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ դրացիական հարաբերությունների ջատագով։
Ի տարբերություն Հայաստանի, որը թե՛ մինչեւ Փաշինյանի ընտրությունը, թե՛ դրանից հետո խոսում էր վեկտորի պահպանման, ռուս-հայկական հարաբերությունների ֆորմատի անփոխարինելիության եւ առանցքային կարեւորության մասին, Սաակաշվիլիի Վրաստանը բացահայտ ձգտում էր դեպի ԵՄ, խոսում եվրաինտեգրացիայից ու ԱՄՆ-ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումից։
Սաակաշվիլին պարտություն կրեց՝ չկարողանալով իրեն ենթարկել Աբխազիան եւ Օսիան, դառնալով ռուսական կոշտ ու անսպասելի հակադարձման զոհ, եւ հասկացավ, որ, ի հեճուկս Ռուսաստանի, հնարավոր չէ փոխել Սեւծովյան ստատուս քվոն, Փաշինյանի դեպքում ուղիղ հակառակն էր, բայց նույն տրամաբանությամբ։
Փաշինյանը դեմ էր գնում Ռուսաստանի կողմից առաջ մղվող «Լավրովյան պլանին»՝ փորձելով պահպանել ազգայնական նարատիվն ու եղած՝ Արցախ-Հայաստան ստատուս քվոն, բայց պարտություն է կրում՝ մնալով մենակ ու առանց դաշնակիցների՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի։
Նմանապես Վրաստանը, կարծելով, թե կունենա աջակցություն ստատուս քվոյի փոփոխության հարցում, պատերազմում մնաց մենակ, եւ միայն ԱՄՆ անուղղակի սպառնալիքները զսպեցին Ռուսաստանին՝ չգրավելու Թբիլիսին եւ հետ քաշելու օս-աբխազական ուժերն ու իր զորքերը ելման դիրքեր։
Թե՛ Սաակաշվիլու Վրաստանը, թե՛ Փաշինյանի Հայաստանը, տուրք տալով գրավիչ պոպուլիզմին, մոլեգին ազգայնականությանն ու արկածախնդիր արտաքին քաղաքականությանը, պատժվեցին Ռուսաստանի կողմից. մեկը՝ ստատուս-քվոյի խախտման փորձի համար, մյուսը՝ պահպանման։
Երկու դեպքում էլ Ռուսաստանը չէր կարող ներել լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած, կայսրության տարածաշրջանային արբիտրի կարգավիճակը կասկածի տակ դնող «նորելուկներին»։ Երկու դեպքում էլ նրանց հաջողվեց պարտված պատերազմից հետո պահպանել իրենց իշխանությունն ու ամրապնդել իրենց իշխանական դիրքերը՝ տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության աճի եւ, զուգահեռ, իրենց անձնակենտրոն իշխանության ամրապնդման, ընդլայնման ու պահպանման միջոցով։
շարունակելի
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։