Ռուսաստանցիները չեն կարողանա թղթային նամակ ուղարկել Սանտա Կլաուսին, որն ապրում է Լապլանդիայում՝ Հյուսիսային բևեռային շրջանում, երկրների միջեւ նամակների եւ ծանրոցների փոխադրման դադարեցման պատճառով: Դրա մասին RTVI-ին հայտնել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ից։
«2022 թվականի ապրիլին Ֆինլանդիայի փոստային ծառայությունը կասեցրել է նամակների եւ ծանրոցների փոխադրումները Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Ֆինլանդիայի եւ Բելառուսի միջեւ մինչեւ հետագա ծանուցումը՝ պայմանավորված բացառիկ հանգամանքներով, Համաշխարհային փոստային միության համաձայնագրերին համապատասխան»,- ասված է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի պատասխանում:
Միեւնույն ժամանակ Ֆինլանդիայի դիվանագիտական ծառայությունը պարզաբանել է, որ «բոլորն էլ կարող են գրել Սանտա Կլաուսին՝ ներառյալ էլեկտրոնային փոստով»։
Սանտա Կլաուսի՝ Յոուլուպուկիի նստավայրը Ֆինլանդիայի Լապլանդիա նահանգում է՝ Ռովանիեմի քաղաքի մոտակայքում։ Այդտեղ է նաեւ Սանտա Կլաուսի գլխավոր փոստային բաժանմունքը։ Սա Ձմեռ պապի միակ պաշտոնական փոստային բաժանմունքն է երկրում։ Այն ֆիննական փոստային ծառայության բաղկացուցիչ մասն է եւ աշխատում է ամբողջ տարին։ 2014 թվականին Սանտա Կլաուսն ամենաշատ նամակները ստացել է Չինաստանից, Իտալիայից եւ Լեհաստանից։