Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղերի համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 հազար դրամ։
Դեկտեմբերի 26-ին Երեւանի ավագանին 32 կողմ, 3 դեմ ձայներով ընդունեց համապատասխան օրինագիծը։ «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին ու չմասնակցեցին քվեարկությանը։
Օրինագծի կետերից մեկն առնչվում է կարմիր գծերին։
Ըստ այդ կետի՝ 2024-ի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երեւան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղում (կարմիր գծեր) կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18 000 դրամ, 1 տարվա համար՝ 160 հազար դրամ:
Իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար կվճարեն 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24 հազար դրամ։