Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ընթացքը: Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերին:
Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների թեմային՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների առաջընթացը: Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։
ՌԴ արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը եւ մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի ԱԳՆ են կանչել Թեհրանում ՌԴ գործերի հավատարմատարին՝ բողոք հայտնելու ռուս-արաբական ֆորումին ընդունված հայտարարության դրույթներից մեկի դեմ: Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին:
Իրանական կողմը բողոք էր հայտնել, որ ռուսական կողմը պաշտպանել է Մարոկկոյում անցկացված ռուս-արաբական համագործակցության համաժողովի ամփոփիչ հայտարարության անհիմն հավակնությունները:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դեկտեմբերի 27-ին կժամանի Հայաստան։ Դրա մասին խոսնակը նշել է X–ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ։ Ըստ ԱԳՆ խոսնակի՝ նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: